Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հերթական աշխատանքային հանդիպումն է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին, առկա խնդիրներին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:
Անդրադառնալով Տավուշում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Հանրապետության նախագահը նշել է, որ մի քանի օր առաջ է եղել Տավուշում` Չինարի գյուղում.
«Ինձ շատ ուրախացրեց մարդկանց ոգին։ Մարդիկ շատ վստահ էին՝ եռանդով և լավատեսությամբ լցված, և դա ոչ միայն գյուղի տարիքով քաղաքացիներին էին, այլ նաև փոքր երեխաները։ Վերադարձա վստահությամբ, որ մեր քաղաքացիներն ամուր կանգնած են զինվորների, մեր բանակի կողքին։ Այնպես որ, այդտեղ էլ, պարոն վարչապետ, իմ աջակցությունն եմ հայտնում կառավարությանը, Ձեզ անձամբ, մեր պաշտպանության նախարարությանը, մեր բանակին և պատրաստ եմ ամեն ինչ անել»,- ասել է նախագահը։
Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Տավուշում, Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիա էր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Բայց շատ կարևոր է արձանագրել, որ այն ռազմական հռետորաբանությունը, որը երկար տարիներ Ադրբեջանի ղեկավարությունը զարգացնում էր, և այսպիսի քարոզչական միֆ էր ստեղծել, թե ադրբեջանական բանակն ունի առավելություն Հայոց բանակի նկատմամբ ու կարող է շատ արագ ցանկացած հարց լուծել, շատ կարճ և տեղային միջադեպի ընթացքում այդ առասպելն ամբողջությամբ փլուզվեց:
«Դա, իմ կարծիքով, մեր տարածաշրջանում բոլորովին նոր աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծում: Սա մեծ հաշվով ամրապնդում է Հայաստանի, թույլ տվեք ասել, ավանդական դիրքորոշումը: Իսկ այդ ավանդական դիրքորոշումն այստեղ՝ Հայաստանի բոլոր իշխանությունների ու կառավարությունների կողմից ամբողջությամբ պահվել է. Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում և կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով: Այսինքն, դա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել»,- նշել է վարչապետը:
Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի զինված ուժերը պատրաստ են պահպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, սահմանները և արձանագրել է, որ այն հսկայական բարեփոխումները, որոնք վերջին երկուսուկես տարվա ընթացքում տեղի են ունեցել Զինված ուժերում և որը եղել է մեր կառավարության առաջնահերթությունների առաջնահերթությունը՝ տվել է իր արդյունքը:
«Եվ ուրախ եմ, որ այդտեղ ժամանակը չի վատնվել, չի կորցվել, և մենք կարողացել ենք կոնկրետ արդյունքներ արձանագրել»,- նշել է նա:
Ձեզ հետ ամբողջովին համաձայն եմ, որ Ադրբեջանի հարձակումը որևէ մարդկային բարոյական բացատրություն չի կարող ունենալ,- համաձայնել է երկրի նախագահը:
«Երբ ողջ աշխարհն ու մենք պայքարում ենք մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի դեմ, Ադրբեջանը որոշում է ինչ-որ ավանտյուրայի գնալ: Ինձ համար, մեկի, որը փորձառություն ունի և երկար տարիներ հետևում է Ադրբեջանին, Թուրքիային, եվրոպական և ռուսական քաղաքականությանը, անհանգստացնող մի քանի գործոններ կան:
Նախ՝ բարոյականության սահմանը, որ իրենք անցան՝ կորոնավիրուսի պայմաններում այսպիսի ավանտյուրայի գնալով: Երկրորդ մտահոգությունս այն է, որ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը վտանգ է ներկայացնում Ադրբեջանի տարածքով անցնող միջազգային ենթակառուցվածքների համար: Սա բացարձակ անհեթեթություն է: Այդ ենթակառուցվածքները գոյություն ունեն, իրենց տեղում են ավելի քան 20 տարի, և Հայաստանը երբեք դրանք ոչնչացնելու մտադրություն չի ցուցաբերել»,- նշել է Արմեն Սարգսյանը:
Նա հավելել է, որ Ադրբեջանի քարոզչությունն ուղղված է մի բանի՝ ներկայացնելով Հայաստանին որպես ագրեսոր, հնարավորություն տալ վաղն այդ լեյտմոտիվն օգտագործելով իրենց ագրեսիվ քայլերն անել:
«Ես կրկին հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր զինված ուժերն ամենաբարձր մակարդակի վրա էին: Լավ հիշում եմ. երբ 1990-ականների սկզբին դեսպան էի եվրոպական շատ երկրներում, ներառյալ ՆԱՏՕ-ում, շատ դիվանագետներ, ռազմական մասնագետներ ինձ ասում էին, որ ձեր այս պայքարն իզուր է. դուք փոքր երկիր եք, բանակ չունեք, Ադրբեջանը հսկայական բանակ ունի, աջակցություն ունի հարևան երկրից: Նույն մարդիկ մի քանի տարի անց ինձ ասում էին, որ Հայաստանն ունի Հարավային Կովկասի ամենահզոր բանակը: Ուզում եմ նորից հիշեցնել, և այս վերջին դեպքերն էլ ցույց տվեցին, որ Հայաստանն ունի Հարավային Կովկասի ամենահզոր բանակը, որին հնարավոր չէ հաղթել: Բանակը ոչ միայն զենքը, կարգապահությունն ու պատրաստակամությունն է, այլ նաև ոգին, որը որևէ մեկը չունի այս տարածաշրջանում: Շատ ուրախ էի, որ այդ մարդկանց կասկածները հայոց բանակի հանդեպ փարատվել են»,- ասել է նա:
Նախագահի հաջորդ մտահոգությունն Ադրբեջանի պետական ապարատից հնչող պաշտոնական հայտարարություններն են, թե Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին:
«Սա միջազգային բոլոր նորմերով անթույլատրելի է: Եղել եմ Համաշխարհային էներգետիկ անվտանգության հանձնաժողովի անդամ ու նախագահ, և այդ հանձնաժողովում նման հայտարարությունները համարում էին միջուկային ահաբեկչության կոչեր: Կարծում եմ, որ նման կոչեր անողները պետք է շատ լավ հասկանան, որ այդ մեծ հիմարությունը մեծ ողբերգություն է լինելու բոլորի, ոչ թե միայն Հայաստանի համար: Կատեգորիկ ձևով միջազգային հանրությունը պետք է հայտարարություններ անի, որ նմանատիպ անպատասխանատու հայտարարությունները չշարունակվեն: Թուրքիայի ռազմաշունչ հայտարարությունները նույնպես անընդունելի են: Թուրքերը չպետք է մոռանան, որ իրենց հայրենի պետությունն է 105 տարի առաջվա մեր Մեծ եղեռնի հեղինակը: Հետևաբար, ցանկացած նման հայտարարություն կոչ է վերադառնալ 105 տարի առաջվա պատմությանը, որն անթույլատրելի է ոչ միայն մեր ժողովրդի, այլ ընդհանրապես ողջ մարդկության համար: Դժվար օրեր են, սակայն այս օրերին մեր ժողովուրդը ևս մեկ անգամ ցույց տվեց և հենց նույն Տավուշում, որ ամուր կանգնած է իր ոտքերի վրա»,- նշել է նա:
Արմեն Սարգսյանը հավելել է, որ բոլոր ուղղություններով Հանրապետության նախագահը և նախագահի ինստիտուտը, նախագահի բարեկամները պատրաստ են աջակցել կառավարությանը, որպեսզի հաղթահարվեն դժվարությունները: