Օգոստոսի 8-ին Ախալքալաքում հրդեհված տների սեփականատերերը փոխհատուցում են պահանջում, ինչպես նաև դժգոհում իրավապահ մարմինների աշխատանքից՝ հաղորդում է jnews.ge-ն:
Երկու օր առաջ Ախալքալաքի կենտրոնում տեղի ունեցած սպանությունից հետո քաղաքում անկարգություններ են եղել: Սպանվածի համագյուղացիներն այրել են 4 տուն և մեկ հյուրանոց:
«Մենք տանը չէինք, տուն եկանք երեխաների հետ, տեսանք, որ շատ մարդիկ են հավաքվել, այրվում են մեր տան վարագույրները, դռները, կրակն օդ է հասել արդեն, բոլորս շատ վախեցել էինք, երեխաները լալիս ու բղավում էին, ահավոր վիճակ էր։ Պատուհանները ջարդել էին և ներսն այրել, հարևաններին, ոչ մեկին չէին թողնում մոտենալ, որ հանգցնեին կրակը, ասում էին, որ մինչև չայրվի, ոչ ոք մոտ չգնա։ Իմ ամուսինը, ամուսնուս եղբայրը կռվողի հետ ընկերներ են, խաչքավոր ենք, կռվի ընթացքում ամուսինս ու եղբայրը եղե՞լ են, թե՞ ոչ՝ չեմ կարող ասել»,- ասում է այրված տներից մեկի բնակիչ Սիրանուշ Մանասյանը։
Կնոջ խոսքով՝ վնասի չափը մեծ է։
Օգոստոսի 8-ին հրդեհվել է նաև Նաիրա Հարությունյանի բնակարանը։ Նրանք տանն են եղել, բայց զանգել են քաղաքի բնակիչները և հայտնել, որ մոտ 30 հոգանոց խումբը շարժվում է դեպի իրենց տուն:
«Տունն այրել են, ջարդուփշուր արել, բան չեն թողել, պահարանները բացել, բենզինը լցրել, այրել են թոռնիկիս խաղալիքները, իսկ վերջում խոհանոցում գազի խողովակն են կտրել, որ պայթի: Այդ ժամանակ գոռացել են «տղա՛ք, դուրս ելեք, կպայթի». փորձագետը տեսավ, զարմացավ։ Շնորհիվ հարևաններիս՝ տունս մինչև վերջ չի այրվել, նրանք փակել են գազի կենտրոնական խողովակը։ 5 ժամ քաղաքն այրվում էր, մի ոստիկան չեկավ, իսկ վերջում հատուկջոկատայիններին ես եմ խանութի մոտ տարել։
Այրել են նաև մեր մյուս տարածքը, ձորում ձկներ ունեինք, տնակներ ունեինք, ձկների ձորը բացել են։ Իմ որդին կռվին չի մասնակցել, տեսագրությունում էլ կա, վերևից մեքենայով գնալիս է եղել և տեսել այդ խումբը, նա մեքենայով մտել է խմբի մեջ՝ կռիվը բաժանելու համար։ Որդիս տեսել է, որ ընկերը գետնին ընկած է, և 30 հոգի մահակներով հարձակվել են։ Թող չլիներ այդ մահը, ոչ մեկը չէր ցանկանում, որ այդ երիտասարդը մահանար»,- պատմում է Նաիրա Հարությունյանը։
Նաիրա Հարությունյանի տան հրդեհը հարևաններն են հանգցրել, հրշեջ ծառայությունը չի մոտեցել։ Նաիրան մտադիր է փաստաբան վարձել և պայքարել փոխհատուցում ստանալու համար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: