Հեռահաղորդակցության ոլորտի խաղացողներից «Յուքոմը» դատական հայց է ներկայացրել նորաստեղծ «Թիմ» ՍՊԸ-ի դեմ՝ անբարեխիղճ մրցակցության համար։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Հայցվոր կողմը հայցադիմումով խնդրել է արգելել «Թիմ» ՍՊ ընկերությանը բանակցություններ վարել և բաժնետոմսերը ձեռք բերելու գործարք կնքել «Վեոն Արմենիա» ընկերության հետ։ Որպես երրորդ անձ՝ գործով նշվել են «Վեոնի»՝ Ամստերդամում գտնվող գլխամասային գրասենյակը, նաև «Թիմի» բաժնետերեր Հայկ և Ալեքսանդր Եսայանները։ Գործը մակագրվել է Երևան քաղաքի դատավոր Հովիկ Շահնազարյանին։ Վերջինս, սակայն, հայցադիմումը վերադարձրել է այն պատճառով, որ հայցադիմումի հետ կապված պետական տուրքը պակաս չափով է վճարվել։
Հուլիսի 10-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) համաձայնություն էր տվել, որ «Թիմը» ձեռք բերի «Բիլայն» ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը։ Նույն օրը գործարքին թույլտվություն էր տվել նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ պայմանով, որ «Բիլայնի» աշխատակիցների զանգվածային կրճատումներ չպետք է կատարվեն։
Ավելի ուշ ՀԾԿՀ որոշումներից մեկով պարզ դարձավ, որ «Վեոն Արմենիան» գնելուց հետո «Թիմը» որոշել է վերջինիս շարժական և անշարժ գույքերն ու բաժնետոմսերը գրավադնել «Արդշինբանկում»։ Բանկից ստացված միջոցներով էլ «Թիմը» ձեռք է բերել «Վեոն Արմենիան», թեև գործարքի հստակ գին այդպես էլ չի նշվում։
«Լուրեր»-ը մի քանի գրավոր հարց է ուղարկել «Յուքոմին»՝ պարզելու հայցի հիմքերը։ Սրան ի պատասխան՝ ընկերությունից հայտնել են՝ հայցը վերաբերում է անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելուն։ Մեր մյուս հարցին, թե արդյոք համապատասխան շտկումներից հետո նոր հա՞յց է ներկայացվել դատարան, «Յուքոմից» պատասխանել են հետևյալը. «Ձեր կողմից պահանջվող տեղեկատվությունն այս պահին տրամադրել չենք կարող, քանի որ նմանօրինակ տեղեկատվության կանխավ տրամադրումը կարող է վնաս պատճառել «Յուքոմ» ՓԲԸ-ի օրինական շահերին ու իրավունքներին։ Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ կարող ենք անդրադառնալ ստեղծված իրավիճակի լուսաբանմանը միայն համապատասխան իրավական գործողությունների ավարտին»։
«Թիմ» ՍՊԸ-ից «Լուրեր»-ին հայտնեցին՝ մոտ մեկ ամիս առաջ տեղեկություն ստանալով հայցադիմումի մասին, դիմել են դատարան՝ քաղաքացիական գործի նյութերին ծանոթանալու և դրա պատճենները ստանալու նպատակով։
«Անկախ մեր դիմելուց, դրանք պետք է դատարանից ստանանք նաև օրենքով սահմանված կարգով (ինչը նույնպես դեռևս տեղի չի ունեցել), հետևաբար այս պահին դեռ չենք կարող ո՛չ «Յուքոմ» ՓԲԸ-ի մեկնաբանություններին գնահատական տալ, ո՛չ էլ դրանց վերաբերյալ ինքներս որևէ դիրքորոշում ձևավորել»,- պատասխանել են «Թիմից», նաև կարծիք հայտնել, որ «Վեոն Արմենիայի» հետ գործարքում առկա չեն այնպիսի դրվագներ, որոնք կարող են «Յուքոմին» թույլ տալ հասնել հաջողության։ Հետաքրքրվել էինք՝ դատարան հայցադիմումի ներկայացումը «Թիմը» համարում է իրավակա՞ն, թե՞ տնտեսական մրցակցության հետ կապված գործընթաց, ինչին ի պատասխան՝ ընկերությունից նշել են. «Նման հարցադրում ծագելն ինքնին հատկանշական է։ Ավելին՝ այս պահին չենք կարող ասել՝ նաև նկատի ունենալով վերը նշված տեղեկատվության պակասը»։
Բացի սրանից՝ «Յուքոմը» վարչական դատարանում հայց է ներկայացրել նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել հանձնաժողովի 282-Ա որոշումը։ Այն վերաբերում էր «Թիմի» կողմից «Վեոն Արմենիան» ձեռք բերելու թույլտվությանը։ Գործը մակագրվել է դատավոր Էդվարդ Նահապետյանին, սակայն հետագայում «Յուքոմը» այս հայցը ևս հետ է վերցրել։
«Թիմի» սեփականատերեր Հայկ և Ալեքսանդր Եսայանները նաև «Յուքոմի» փոքր բաժնետերերն են՝ մոտ 6 տոկոս բաժնեմասի չափով։
Ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ Հայկ Եսայանը հրաժարական է տվել «Յուքոմի» տնօրենի պաշտոնից։ Նա հետագայում հայտարարել էր, որ հակասություններ են ծագել բաժնետոմսերի մեծամասնությունը տնօրինող բաժնետերերի հետ՝ ընկերության զարգացման վերաբերյալ։
Հետագայում Եսայան եղբայրները դիմել էին «Յուքոմին»՝ ընկերության 96 տոկոս բաժնեմասը գնելու նպատակով, սակայն առաջարկն արձագանք չէր ստացել։ Այս ամենից հետո նրանք հիմնել են «Թիմ» ընկերությունը։