Եթե նույնիսկ վաղը չունենանք կորոնավիրուսով վարակվածներ, մահեր, պետք է շատ զգույշ լինենք և ոչ մի դեպքում չենք կարող մեր երկիրը հայտարարել կորոնավիրուսից ազատ երկիր: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Երկրները պարփակված չեն իրենք իրենց մեջ, մենք փակ համակարգ չենք, և եթե ներսում չկա, բավական է դրսից մեկ հոգի վարակված գա, նորից կսկսվի այս պրոցեսը: Հույս ունեմ, որ եթե նույնիսկ երկրորդ ալիք էլ լինի, կկարողանանք հաղթահարել դա, քանի արդեն իսկ փորձառություն ունենք»,- ասել է նախագահը:
Արմեն Սարգսյանի խոսքով` կան տնտեսության ոլորտներ, որոնք շատ ծանր են տանելու այս ամբողջ գործընթացը և պետության ու կառավարության աջակցության կարիքն են ունենալու:
«Ուրախ եմ, որ կառավարությունը մտածում է դրանց մասին և այդ ուղղությամբ քայլեր անում: Սակայն կարծում եմ, որ այդ քայլերը դեռ կշարունակվեն, որովհետև երկար ժամանակ է պահանջվելու այսօրվա ծանր վիճակը, որը ոչ միայն տնտեսական է, այլ նաև՝ սոցիալական, հաղթահարելու համար:
Խնդիրներ կան նաև աշխատատեղերի մասով, և, դրա հետ կապված, ժողովրդագրական խնդիրներ կան: Մարդիկ, որոնց աշխատավայրը երկար տարիներ եղել է Հայաստանից դուրս, հիմա այդ հնարավորությունը չունեն: Մարդիկ, որոնք այսօր, երեկ, նախորդ օրն աշխատանք ունեին, այսօր չունեն»,- ասել է նախագահը։
Նա շեշտել է, որ ընդհանուր ուժերը պետք է համախմբել, որպեսզի այս խնդիրները լուծվեն: