1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի հարավարևմտյան արվարձանում՝ Սևրում, հանդիպեցին Առաջին աշխարհամարտում հաղթած պետությունների ներկայացուցիչները՝ պատերազմի արդյունքներով նոր աշխարհակարգ ձևավորելու համար: Հայկական կողմը մասնակցում էր որպես միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ, և Հայաստանի անունից պայմանագիրը ստորագրեց Ավետիս Ահարոնյանը։
100 տարի անց Սևրին նվիրված ակադեմիական գիտաժողովում պատմաբանները պատմական իրողությունների կարևոր արձանագրումներ են անում:
Աշոտ Մելքոնյան - ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն
Մինչ Սևրը՝ դեռ 1919-ի փետրվարին, հայկական կողմը փորձում էր իր դիրքորոշումը ներկայացնել դաշնակից պետություններին: Ավելի մեղմ պահանջների կողմնակից Ավետիս Ահարոնյանը ներկայացնում էր Հովհաննես Քաջազնունու դիրքորոշումը, իսկ արևմտահայության ներկայացուցիչ, Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարն առաջնորդվում էր «առավելագույնը պահանջել, շատ ստանալու» սկզբունքով: Արդյունքում Սևրում միջազգայնորեն ամրագրվեց Հայաստանի՝ իր պատմական տարածքում անկախ պետություն ստեղծելու իրավունքը:
Ռուբեն Սաֆրաստյան - ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն
Սևրի դաշնագրում Հայաստանին առնչվում էին 88-93-րդ հոդվածները. Թուրքիան պետք է անվերապահորեն ճանաչեր Հայաստանի անկախությունը: Պետք է ստեղծվեր միացյալ Հայաստան, որը կստանար Վանի և Բիթլիսի նահանգների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի մեծ մասը: Ըստ էության, Հայաստանի տարածքը հասնում էր 160 հազար ք/մ-ի ՝ դեպի Սև ծով ելքով: Պայմանագրից դուրս չէին մնացել նաև ազգային փոքրամասնությունների պաշտպանությունը, նրանց ունեզրկման, իսկ իսլամացած հայերի դեպքում նաև նրանց՝ քրիստոնեությանը վերադարձի խնդիրները:
Աշոտ Մելքոնյան - ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն
Ցավոք, ստորագրումից հետո Սևրի դաշնագիրը չվավերացվեց, բայց արդեն 100 տարի շարունակում է մնալ մեր պահանջատիրության իրավաքաղաքական հենքը: