Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Սևրի պայմանագրի 100-ամյակի առթիվ:
Հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է.
«100 տարի առաջ՝ 1920թ. օգոստոսի 10-ին, Փարիզի Սևր արվարձանում ստորագրվում է խաղաղության պայմանագիրը՝ մի կողմից, որպես գլխավոր դաշնակից պետություններ, Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի, ինչպես նաև նրանց դաշնակիցներ Հայաստանի, Բելգիայի, Հունաստանի, Հեջազի (ներկայումս՝ Սաուդյան Արաբիան), Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբա-Խորվաթա-Սլովենական պետության և Չեխոսլովակիայի, իսկ մյուս կողմից՝ Առաջին աշխարհամարտում պարտություն կրած Թուրքիայի կողմից:
Սևրի պայմանագիրը խարսխված էր ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության գաղափարների վրա՝ նպատակ ունենալով վերջ դնել բռնատիրություններին և ազատություն ու անկախություն շնորհել տարածաշրջանի ժողովուրդներին՝ իրենց պատմական տարածքներում:
Պայմանագիրը փաստում էր հայերի իրավատիրությունը Հայկական լեռնաշխարհի պատմական հայկական տարածքների նկատմամբ։
Մասնավորապես՝ 89-րդ հոդվածով նախատեսվում էր, որ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ որոշմանը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է կազմեր շուրջ 160 հազար քկմ՝ դեպի Սև ծով ելքով:
Սևրի պայմանագրի Հայաստանին վերաբերող դրույթները չեն իրականացվել միջազգային և տարածաշրջանային մի շարք քաղաքական գործընթացների պատճառով։ Սակայն պայմանագիրը երբևէ ուժը կորցրած չի հայտարարվել և մինչ օրս մնում է արդիական»: