100 տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 10-ին, Ֆրանսիայում՝ Սևրում, կնքվեց հաշտության պայմանագիր Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ. Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների միջև։ Այդ պայմանագրով կար անդրադարձ Հայկական հարցին: Ըստ այդ պայմանագրի՝ Թուրքիան ճանաչում էր Հայաստանի անկախությունը, և իբրև միջնորդ առաջարկվում էր ԱՄՆ նախագահ Ուիդրո Վիլսոնին գծելու ապագա անկախ Հայաստանի սահմանները, որոնք պետք է անցնեին Էրզրումի, Վանի, Բիթլիսի և Տրապիզոնի վիլայեթների տարածքներով: Վիլսոնը ընդունեց սահմանների վերաբերյալ արբիտրաժային վճիռը, սակայն Սևրի պայմանագիրը չիրականացավ, դրույթները չիրագործվեցին:
Սևրի դաշնագրի ստորագրման 100-ամյակի առիթով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հրավիրել է «Սևրի դաշնագիրը և Հայկական հարցը» խորագրով գիտաժողով:
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նախ նշեց, որ վերջապես պետական ընդգծված մոտեցում ունեցանք Սևրի դաշնագրի խնդրին այն դեպքում, երբ մարդիկ քամահրորեն էին վերաբերում:
Մինչև Սևրի դաշնագրի հետ կապված արդիական խնդիրների ներկայացումը՝ ակադեմիկոսը պատմական փոքրիկ անդրադարձ կատարեց:
14-րդ դարից սկսած նորստեղծ Օսմանյան կայսրությունը մշտապես սպառնում էր Եվրոպային: Եվրոպան էլ Թուրքիայի թուլացմանը զուգընթաց՝ միշտ առիթ էր փնտրում «վարձահատույց լինելու» և Թուրքիայի պառակտման, քայքայման ծրագիրը մշտապես բերել օրակարգ: Առաջին համաշխարհային պատերազմը, որի ժամանակ Թուրքիան Եռյակ, հետո՝ Քառյակ դաշինքի դաշնակից երկիր էր, լավ առիթ էր մեծ տերությունների՝ «Անտանտի» երկրների համար, այդ ծրագիրը կյանքի կոչելու: Մինչ այդ՝ 1916թ-ին Սայքս Պիկոյում կնքվել էր մի պայմանագիր, որը ինչ-որ չափով գաղտնի էր պահվում դաշնակից Ռուսաստանից, բայց երբ 1916-ի փետրվարին Ռուսաստանը ռազմաճակատի տարբեր գծերում արձանգրեց լուրջ հաջողություններ, դաշնակից երկրները շտապեցին իրազեկել Ռուսաստանին այդ գաղտնի համաձայնագրի մասին և պայման դրվեց, որ Կ. Պոլիսն ու նեղուցները պետք է անցնեն Ռուսաստանին, Պաղեստինի զգալի մասը, Լիբանանը՝ Ֆրանսիային, իսկ Բաղդադը՝ Անգլիային:
«Ռուսաստանը 1917 թվականի հեղափոխությունից հետո այդպես էլ մասնակից չդարձավ հետպատերազմյան սահմանների ձևավորման խնդրին և, փաստորեն, մեծապես տուժեց: 1918 թ. հոկտեմբերի 30-ին Մոդրոսի զինադադարով իր պարտությունն ընդունեց Գերմանական ռազմաքաղաքական խմբավորման անդամներից մեկը՝ Թուրքիան: Եվ քանի որ 1918 թ. մայիսի 28-ից գոյություն ուներ Հայաստանի Հանրապետություն, քանի որ այդ պատերազմում հայ ժողովուրդը մեծ կորուստներ էր կրել, բնականաբար, իրավունք ուներ ակնկալելու այդ պատերազմի արդյունքներից իր համար ցանկալին»,- նշեց Մելքոնյանը:
Սակայն 1920 թվականի հունիսի 1-ին ամերիկյան Սենատը մերժեց Հայաստանի մանդատի խնդիրը՝ պատճառաբանելով, որ դրանք մեծ հոգսեր են Միացյալ Նահանգների համար, և չարժե այդ մանդատը վերցնել:
1920 թ. ապրիլին իտալական Սան Ռեմո քաղաքում Թուրքիայի և հաղթանակած երկրների միջև կնքվեց նոր դաշնագիր:
«Ավետիս Ահարոնյանը հեռագրում էր, որ մեծ տերությունները հայկական հարցի լուծումը տեսնում են Հայաստանի երկու հատվածները միմյանց միացնելով, և ուրախությամբ նշում էր նաև, որ Անգլիայի վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջն այն կարծքին է, որ Հայաստանը պետք է ունենա կենսապայմաններ, կենսունակ երկիր լինի որպես դաշնակից արևելքում և ամենակարևորը՝ ունենա «թոքեր», որը հայկական պատվիրակության կարծիքը հաշվի առնելով համարում էր Էրզրումը և, իհարկե, ելքը դեպի Սև ծով: Պատահական չէ, որ Բաթումի խնդիրը դարձավ հատուկ քննարկման առարկա, և Հայաստանը իրավունք էր ստանում Բաթումով ազատորեն անվճար դուրս գալու Սև ծով»,- նշեց Մելքոնյանը:
Երբ 1920 թ. օգոստոսի 10-ին Փարիզի արվարձան Սևրում Օսմանյան կայսրության և Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Հայաստանի, Չեխոսլովակիայի, սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազի միջև կնքվեց պայմանագիրը, որը պատմության մեջ հայտնի դարձավ Սևրի պայմանագիր անունով, Թուրքիան դրանով ոչ միայն ընդունում էր իր պատրությունը, այլև կայսրություն լինելու փլուզման իրողությունը։ Պայմանագիրը ահռելի ծավալներ ուներ. 6 բաժին ուներ, 97 մաս, 578 հոդված, որի 6-րդ բաժնի 88-ից 93-րդը վերաբերում էին Հայաստանին մասնավորապես:
«Թուրքիան պետք է անվերապահորեն ճանաչեր Հայաստանի Հանրապետության անկախությունը, Միացյալ Նահանգների նախագահը պետք է որոշեր սահմանները իրավարար վճռով, և կարևորը՝ նշվում էր, որ 85-րդ հոդվածով սահմանները վճռելուց հետո Թուրքիան այդուհետ արդեն հայտարարում է, որ որոշման օրից սկսած հրաժարվում է հանձնված տարածքների նկատմամբ որևէ իրավական հավակնություններից:
Իրավարար վճիռն այդ իմաստով վավերացման կարիք չուներ, իրավարար վճիռն անմիջապես մտնում էր ուժի մեջ այն օրվանից, երբ ԱՄՆ նախագահի ստեղծած հանձնախումբը ներկայացնում էր դաշնակից երկրներին հայ-թուրքական սահմանը՝ Տրապիզոն, Էրզրում, Բիթլիս, Վան վիլայեթներով: Հայաստանին պետք է անցներ Էրզրումի վիլայեթի գրեթե ամբողջ տարածքը, Տրապիզոնի զգալի մասը, Վանի և Բիթլիսի վիլայեթների 2/3-ը: Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է դառնար 161 հազար ք.մ, որին պետք է գումարվեր բուն Հայաստանի տարածքը՝ 70 հազար քառակուսի մետր: Հսկայական ու զորեղ պետություն էր լինելու, եվրոպական դաշնակից երկրների համար հուսալի մի երկիր, որի գաղափարը կյանքի չկոչվեց զանազան պատճառներով»,- նշեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը: