Աշխատանքային այցի երկրորդ օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության լիբանանյան մասնաճյուղի գրասենյակ և հանդիպում ունեցել ատենապետ Սեպուհ Կալպակյանի հետ: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
Վերջինս ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մշտական կապի մեջ է համայնքի հետ, ինչն այս պայմաններում շատ կարևոր է: Այնուհետ ատենապետը ներկայացրեց ՍԴՀԿ գործունեությունը Լիբանանում և Հայաստանում, մանրամասնել իրենց աշխատանքները:
Գլխավոր հանձնակատարն անդրադարձ է կատարել լիբանանյան այցի նպատակներին, վերահաստատել Լիբանանի և հայ համայնքի կողքին կանգնելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը: Նա նաև նշել է, որ վնասված 1-2 շինություններ կվերականգնվեն Հայաստանի միջոցներով:
Զարեհ Սինանյանը ներկայացրել է նաև հայրենադարձության ուղղությամբ պետության ձեռնարկած քայլերը, մասնավորապես՝ «Հայրենադարձության մասին» օրենքի նախաձեռնությունն ու հայրենադարձների ինտեգրացիոն կենտրոնի ստեղծման աշխատանքները:
Այնուհետ պատվիրակության անդամները շրջայց են կատարել Սուրբ Գևորգ եկեղեցում, հարակից բժշկական կենտրոնում, զրույց ունեցել պայթյունից տուժած համայնքային ներկայացուցչի հետ: