Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ այցելել է Էրեբունու բազմաբնակարան շենքերից մեկը, որտեղ ընթանում են վերելակների փոխարինման աշխատանքներ:
«Այցելեցի Էրեբունու բազմաբնակարան շենքերից մեկը, որտեղ այս պահին, քաղաքի 123 այլ կետերի հետ միասին, ընթանում են վերելակների փոխարինման աշխատանքները:
Ինչպես տեղեկացրեցինք տարվա սկզբին, 2020-ին ընդհանուր 500 վերելակ ենք փոխելու: Կարծում եմ՝ ավելորդ չի լինի նշել, որ մինչև 2018 թվականը՝ մեր թիմի գալը, Երևանում փոխվել էր 35 վերելակ: Երկու տարվա ընթացքում մենք փոխում ենք 520 վերելակ, հաջորդ տարի մտադիր ենք ավելի մեծ ծավալ վերցնել, մինչև խնդիրը վերջնականապես լուծվի:
Բոլոր նոր վերելակները, ի դեպ, ներառական են՝ կահավորված են հայերեն ձայնային ազդանշանով, վերելակի կոճակների վրա Բրայլի այբուբենով գրություններ կան, կարելի է հանգիստ ներս մտնել անվասայլակով:
Վերելակների փոփոխման ծրագիրը, բացի բուն նպատակին ծառայելուց, նաև զգալիորեն աշխատատեղերի հարց է լուծում: Մեր շատ վարպետներ, այդ թվում՝ վերջերս հայրենիք վերադարձած, սրա շնորհիվ աշխատանք ունեն»,- գրել է Հայկ Մարությանը: