Կիրակի առավոտյան Անթիլիասի մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորչի Մայր տաճարում Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսի պատարագի աղոթքները բոլոր զոհվածների, նաև մեր 13 հայրենակիցների հիշատակին էին:
Բեյրութում զոհերի հիշատակի պատարագին և հոգեհանգստի աղոթքներին միացել է նաև Հայաստանի կառավարության պատվիրակությունը: Արամ Առաջինը հայտնեց՝ լիբանանահայերը նախ և առաջ նյութական օգնության կարիք ունեն:
Հայկական պատվիրակությունն էլ Բեյրութում է, որ տեղում ծանոթանա՝ ինչ խնդիրներ ունի հայկական համայնքն ու անցնի գործնական քայլերի, իսկ պատարագից ու հոգեհանգստյան կարգից հետո Արամ Ա-ի հետ Հայաստանի պատվիրակության հանդիպմանն առաջին անելիքները քննարկեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորությամբ:
Մինչև տարեվերջ հայրենադարձների ինտեգրացիոն կենտրոնի ստեղծման և հայրենադարձության օրենքի ընդունման հարցը հայկական պավիրակությունը քննարկել է Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության նախագահի, Հայկազյան համալսարանի ռեկտորի, Լիբանանում Հայաստանի դեսպանի հետ հանդիպմանը, ապա՝ շրջայց հայ Ավետարանական եկեղեցում. այստեղ էլ ամբողջությամբ կոտրվել է հայտնի վիտրաժե խաչը: Իսկ Հայկազյան համալսարանի գրադարանում ամենուր պայթյունից կոտրված ապակիների կտորներն են:
Լիբանանի պայթյունի հետևանքները նաև հայկական լրատվամիջոցների աչքերով զգալու համար մեր պատվիրակությունը խոսել է տեղում աշխատող հայկական լրատվամիջոցների հետ:
Բաց երկնքի տակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Լիբանանի պայթյունի զոհերի հիշատակաին հոգեհանգստի կարգ է մատուցել նաև ամենայն հայոց կաթողիկոսը: Լիբանանահայերի խնդիրները երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցով քննարկել է Արամ Առաջին կաթողիկոսի հետ:
Իսկ Հայաստանի և Արցախի սրտերից բարեկամ Լիբանան հասած օդանավերի մասին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է՝ մեր աջակցությունը կլինի շարունակական: