ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում վեր է հանվել «Հետք» էլեկտրոնային պարբերականում 2020 թ. հունիսի 26-ին հրապարակված՝ «Մանկապարտեզի հողն օտարվել է համայնքապետի եղբորը, նա էլ վարձակալության է տվել «Վիվասել ՄՏՍ»-ին» վերտառությամբ հոդվածն այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավարը 2014 թ. նույն գյուղի մանկապարտեզի նախկին շենքի սպասարկման տարածքից մաս է առանձնացրել և օտարել է իր եղբորը, որը նույն թվականից նշված հողատարածքը վարձակալությամբ տրամադրել է «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին: Բացի դրանից՝ հոդվածում նշվել էր, որ 2016 թ. սկսած՝ Զոլաքարի համայնքապետարանում տարբեր պաշտոններում աշխատող նույն գյուղի մի քանի բնակիչներ՝ համայնքի ղեկավարի ազգականներ, պարբերաբար գտնվել են ՌԴ-ում, սակայն այդ ընթացքում ստացել են աշխատավարձ:
Հրապարակումն ուղարկվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազություն՝ դրանում նշված հանգամանքները պարզելուն ուղղված միջոցառումներ նախաձեռնելու նպատակով, որի շրջանակներում մարզի դատախազության հանձնարարությամբ հրապարակման առթիվ ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվել են նյութեր:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքարի համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական նպատակներով, 2014 թ. սեպտեմբերի 26-ին համայնքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզի տարածքից 568 ք.մ հողատարածքը աճուրդ-վաճառքով օտարել է իր եղբորը, որի սեփականության իրավունքը պետական գրանցում է ստացել 2014 թ. հոկտեմբերի 2-ին: Իսկ վերջինս 2014 թ. հոկտեմբերի 8-ից մինչև օրս նշված հողատարածքը, ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության է տրամադրել «Ղ-Տելեկոմ» (Վիվասել-ՄՏՍ) ՓԲԸ-ին: Նկարագրված գործողությունների հետևանքով Զոլաքար համայնքին պատճառվել է շուրջ 2.760.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Պարզվել է նաև, որ համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2015-2018 թթ. ընկած ժամանակահատվածում համայնքապետարանի 4 աշխատակիցներին թույլ է տվել պարբերաբար բացակայել ՀՀ-ից, չհաճախել աշխատանքի: Այդ պայմաններում, սակայն, աշխատանքի չհաճախած ժամանակահատվածում նրանք ստացել են աշխատավարձ, որի հետևանքով Զոլաքարի համայնքապետարանի բյուջեից առերևույթ վատնվել է խոշոր չափերով` 1.448.832 ՀՀ դրամ գումար:
Նկատի ունենալով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և վատնման եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու հանցագործության հատկանիշների առկայության մասին տվյալներ՝ ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժինը: