Լրագրողական մի խումբ կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Օգոստոսի 8-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սանձարձակ վերաբերմունք է դրսևորել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների նկատմամբ, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։
Վերջիններս Սևանա լճի ափամերձ գոտուց ռեպորտաժ էին պատրաստում այստեղ ապօրինի կառուցված շենք-շինությունների վերաբերյալ։ Նկատելով, որ լրագրողները նկարահանում են նաև իր առանձնատունը՝ նախկին ոստիկանապետը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարել է մեքենան նրանց ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել», ապա, հայհոյանքներ հնչեցնելով, պահանջել է չհրապարակել տեսագրությունը։
Վլադիմիր Գասպարյանն իր պաշտոնավարման տարիներին էլ աչքի էր ընկնում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ հանդուգն վերաբերմունքով, իսկ որոշ դեպքերում՝ նաև դաժանությամբ։
Հիշենք 2015 թվականի «Էլեկտրիկ Երևանի» և 2016-ի Սարի թաղի դեպքերը, երբ ոստիկանական գործողությունների թիրախ դարձան 40-ից ավելի լրագրողներ ու օպերատորներ, որոնք ենթարկվեցին ֆիզիկական բռնությունների և ապօրինի հետապնդումների։ Կամ՝ «1in.am» լրատվական կայքի թղթակից Սիրանույշ Պապյանի հասցեին արտաբերած նրա կոպիտ վիրավորանքը, որն անթաքույց վրդովմունք առաջացրեց լրագրողական հանրության շրջանում։
Այս ամենն անպատիժ մնաց, և, ըստ երևույթին, հենց դա է պատճառը, որ այսօր նախկին ոստիկանապետը շարունակում է անվայելուչ վարք դրսևորել լրագրողների նկատմամբ։
Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ ամենայն լրջությամբ քննության առնել տեղի ունեցած միջադեպը և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել Վլադիմիր Գասպարյանին։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ»: