Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Ավելի վաղ պաշտոնից հեռանալու մասին հայտարարել էին արդարադատության, տեղեկատվության, շրջակա միջավայրի և ֆինանսների նախարարները:
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբն օգոստոսի 10-ին կառավարության նիստում առաջարկել է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել, ինչն, ըստ նրա, կօգնի հաղթահարել կառավարության ճգնաժամը: Առողջապահության նախարար Համադ Հասանն ասել է.
Համադ Հասան, Լիբանանի առողջապահության նախարար - Մենք չենք հրաժարվում պատասխանատվությունից, և մեր պարտականությունները կկատարենք մինչև նոր կառավարության կազմավորումը:
Լիբանանի Տեխնոկրատների կաբինետը ձևավորվել է հունվարի 21-ին և վստահության քվե է ստացել փետրվարի 11-ին: Դիաբի կառավարությունը ապավինում էր խորհրդարանական մեծամասնության՝ իշխանամետ «Ազատ հայրենասիրական շարժման» և շիա Ամալ-Հեզբոլլահ կազմակերպության աջակցությանը:
Արևմտամետ կողմնորոշմամբ` կուսակցությունները հրաժարվել էին մասնակցել կառավարության ձևավորմանն ու համալրել ընդդիմության շարքերը: Լիբանանում քաղաքական իրավիճակի սրման պատճառ դարձավ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունը, ինչի հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է 220 մարդ, այդ թվում` 11 հայ, 110-ը համարվում է անհետ կորած, 6000-ից ավելի քաղաքացի վիրավորվել է, 300 հազարից ավելին էլ մնացել է անօթևան:
Միջադեպի ֆոնին, հազարավոր լիբանանցիներ, օգոստոսի 7-ին, դուրս եկան հակակառավարական ցույցի՝ պահանջելով բարեփոխումներ: Ցույցերը, սակայն, վերածվեցին անկարգությունների, որոնց ժամանակ մարդիկ քարեր ու պայթուցիկներ էին նետում իրավապահների ուղղությամբ: Վերջիններն էլ պատասխանեցին արցունքաբեր գազով ու նռնակներով:
Ակցիայի մասնակիցները Լիբանանի իշխող կոալիցիային մեղադրում են կոռուպցիայի և կառավարման ոչ կոմպետենտության համար՝ դրանք համարելով ողբերգության պատճառներից մեկը: Ցուցարարները պահանջում էին արտահերթ ընտրություններ և անկախ հետաքննություն պայթյունի հանգամանքների վերաբերյալ: Սակայն հազարավոր երիտասարդներ էլ կամավոր փողոց են դուրս եկել ոչ թե բողոքելու, այլ իրենց սիրելի մայրաքաղաքն ավերակներից մաքրելու և կարիքավորներին օգնելու համար: