Օգոստոսի 9-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրիվանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց պատարագ:
Պատարագին մասնակցում էին Լիբանան մեկնած հայաստանյան պատվիրակության անդամները՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա
Հակոբյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:
Այնուհետ պատվիրակության անդամներն առանձին հանդիպում են ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ, որի ընթացքում վեհափառը ներկայացրել է համայնքի վիճակը, պայթյունից հետո հայաբնակ թաղամասերում արձանագրած պատկերը, ըստ որի՝ հայերի բնակարանները մեծ վնասներ են կրել, և դրանք արագ վերականգնման կարիք ունեն: Վեհափառ Տերն ընդգծել է նաև, որ այժմ կարևոր է համայնքի կարիքների
առաջնահերթյուննների վերհանումն ու իրական գնահատումը, որի ուղղությամբ այժմ աշխատանքներ տարվում են, ստեղծվել է համայնքային բոլոր կառույցներն ընդգրկող հանձնախումբ:
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ այս այցի նպատակը ոչ միայն հումանիտար օգնությունն ուղեկցելն է, այլև տեղում իրական պատկերին ծանոթանալը և լիբանանահայության հետ ուղղակի շփումները:
Արամ Ա կաթողիկոսն իր խոսքում շեշտել է, որ Հայաստանը հզորացնելու հետ մեկտեղ՝ պետք է ամրապնդել նաև սփյուռքը: Այս կապակցությամբ Զարեհ Սինանյանը կարևորել է հատուկ լիբանանահայության համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից սկսված դրամահավաքը:
Հանդիպման ավարտին երկուստեք վերահաստատվել է, որ հայրենիքի դռները միշտ բաց են սփյուռքի առջև: