«Ես և իմ հայրենիքը» և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացները նպաստում են իր ինքնությունն ու քաղաքակրթությունների արժեհամակարգերը ճանաչող անհատի ձևավորմանը, որն էլ միտված կլինի սեփական գործունեությամբ նպաստել հայ և համաշխարհային հասարակության զարգացմանն ու վերափոխմանը՝ այն սկսելով սեփական անձից և սոցիալական ու բնական միջավայրից: Դասընթացի շրջանակում ուսումնասիրվելու են աշխարհն ու տարբեր քաղաքակրթություններից ստացած ժառանգությունն ու դրանց ազդեցությունը մեր օրերի վրա:
ԿԳՄՍ-ից հայտնում են, որ առարկան դասավանդվելու է 5-6-րդ դասարաններում՝ որպես հասարակագիտական առարկաների հիմք:
Առարկան կառուցվել է հետևյալ չորս հիմնական հասկացությունների շուրջ.
1. Անհատ
2. Ինքնություն
3. Հասարակություն
4. Արժեք
«Ես և իմ հայրենիքը» և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացի ուսումնառության հիմքում դրված են հետևյալ մոտեցումները՝
1. հասկացությունների վրա հիմնված ուսումնառություն (հասկացությունն առարկայի հիմքում ընկած գաղափարներն են, որոնք չունեն ժամանակի, տարածության և մշակութային սահմանափակումներ).
2. Հմտություններ՝
սովորողի ուսումնական հմտությունների զարգացում՝ քննադատական, վերլուծական, հետազոտական, ստեղծագործական մտածողություն,
հաղորդակցական-համագործակցային հմտությունների զարգացում,
ինքնակազմակերպման հմտություն:
3. ինքնուրույն հետազոտության վրա հիմնված ուսումնառություն.
4. տարբերակված ուսումնառություն.
5. իրական կյանքին առնչվող և խնդրահարույց հարցերի հետազոտման վրա հիմնված ուսումնառություն: