Օգոստոսի 8-ին Ախալքալաքում մի խումբ երիտասարների միջև բախում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով հրազենային մահացու վնասվածք էր ստացել 27-ամյա երիտասարդ: Երիտասարդի սպանությունից հետո վերջինիս կողմնակիցները փորձել են վնաս հասցնել հակառակ կողմին և այրել են նրանց պատկանող մի քանի տուն և հյուրանոց: Ախալքալաքում ամբողջ գիշեր մոբիլիզացված է եղել շրջանի ողջ ոստիկանությունը՝ պարեկային, քրեական, ինչպես նաև հատուկ հանձնարարությունների բաժիններով:
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ՆԳՆ-ի Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժանմունքում ընթանում է հետաքննություն: Այս պահին ձերբակալված է մեկ անձ:
Ախալքալաքի դեպքին այսօր անդրադարձել են վրացի քաղաքական գործիչները, հայտնում է «Ալիք մեդիան»:
«Եվրոպական Վրաստան» կուսակցության գրասենյակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ կուսակցության անդամ Իրմա Նադիրաշվիլին հայտարարել է, որ Ախալքալաքի դեպքը նշանակում է, որ կրիմինալի վերահսկողությունն իշխանության ձեռքերում չէ այլևս:
«Ուզում եմ «Եվրոպական Վրաստանի» անունից մտահոգություն հայտնել այն քաոսի վերաբերյալ, որ ստեղծվել էր երեկ Ախալքալաքում: Սրան զոհ գնաց երիտասարդ մարդ, տուժեցին բազում քաղաքացիներ: Մենք ունեինք պատկեր, երբ Ախալքալաքում տասնյակ մարդիկ քաղաքի կենտրոնում իրար էին կրակում:
Այս կոնֆլիկտը քաղաքի կենտրոնից տեղափոխվեց հիվանդանոցի տարածք, որտեղից 15 մետր հեռավորության վրա է գտնվում անվտանգության գլխավոր վարչությունը, և տասնյակ մարդիկ շարունակում էին հաշվերահարդար տեսնել:
Պետությունը չկարողացավ դադարեցնել այս կոնֆլիկտը, չկարողացավ կանխել այն խառնաշփոթը, որ շարունակվում էր ամբողջ գիշերվա ընթացքում: Սա նշանակում է, որ Ախալքալաքում տեղի ունեցածը շարունակությունն է այն իրավիճակի, որ ունենք ամբողջ Վրաստանում, երբ պետության վերահսկողությունից դուրս է եկել կրիմինալի կառավարումը, երբ հանցագործները զգում են, որ իրենք են այս երկրի տերն ու տիրակալը, և այս իրավիճակը ստեղծել է Բիձինա Իվանիշվիլին»,- հայտարարել է Նադիրաշվիլին:
Մեկ այլ ընդդիմադիր քաղաքական գործչի՝ Գիորգի Վաշաձեի հայտարարությամբ՝ «Վրացական երազանքը» վերջնականորեն միացել է քրեական աշխարհին:
«Ոստիկանությունը չի կարող վերահսկել քրեական իրավիճակը․ նրանք միայն քաղաքական հանձնարարություններ ունեն: Տեսնում եք, որ արդեն անտանելի է, մարդիկ վախենում են իրենց երեխայի հետ փողոցում զբոսնել, երեկոյան մարդիկ վախենում են տներից դուրս գալ: Այս անարդարությունը պետք է ավարտվի հոկտեմբերի 31-ին, ոստիկանին պետք է վերադարձվի իր արժանապատվությունը, և ոստիկանը պետք է ունենա միայն մեկ ցուցում, որ պաշտպանի հանրային անվտանգությունը»,- հայտարարել է Վաշաձեն: