«Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հանդարտության կոչ է ուղղել Ջավախքի մեր հայրենակիցներին՝ կախված օգոստոսի 8-ին Ախալքալաքում տեղի ունեցած իրադարձությունների հետ:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, խոր ցավով և մեծ անհանգստությամբ տեղեկացանք օգոստոսի 8-ին Ախալքալաք քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին, որի հետևանքով սպանվել է մեկ երիտասարդ, կան վիրավորներ, տեղի են ունեցել ավերածություններ, հրդեհվել են տներ, ջարդվել են մեքենաներ։
Բարեկամ Վրաստանի և մասնավորապես Ջավախքի տարածաշրջանի ներքին կայունությունն ու միասնականությունը կենսական անհրաժեշտություն է հայկական և վրացական պետությունների համար։
Ուստի կոչ ենք անում պահպանել հանդարտություն, չտրվել սադրանքների, ձեռնպահ մնալ ստեղծված շոկային իրավիճակում որոշումներ կայացնելուց և քայլեր կատարելուց, որոնք կարող են պատճառ դառնալ նոր ողբերգությունների և անդառնալի կորուստների։
Սիրելի՛ հայրենակիցներ, ստեղծված իրավիճակը ձեռնտու է բացառապես մեր թշնամիներին, ովքեր իրենց որջերում նստած կփորձեն խորացնել անկայունությունը և օգտվել դրանից։ Մեր տարածաշրջանի ներկայիս լարվածության պայմաններում Հայաստանի և Վրաստանի սահմաններին ցանկացած պահի կարող է պատերազմական իրավիճակ ստեղծվել։ Խիզախ ջավախքցու կռվելու անսահման ոգեղեն էներգիան միմիայն նման դեպքերում պետք է օգտագործվի, իսկ այս ողբերգական իրադարձությունների հանգուցալուծումը պետք է տան միմիայն Վրաստանի իրավապահ մարմինները։
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում կուլիկամցի սպանված երիտասարդի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին և ընկերներին»: