Աշխարհն այս օրերին շտապում է օգնություն հասցնել Լիբանանին:
ՄԱԿ-ի կողմից տրամադրվող օժանդակության մասին «Լուրեր»-ը զրուցել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ:
«Լուրեր» - ՄԱԿ-ը հայտարարեց, որ 9 մլն դոլար է ուղարկելու, հետաքրքիր է` գումարն ինչպես է հասնելու, ում է հասնելու, որովհետև Էմանուել Մակրոնն էլ հայտարարեց, որ հենց տուժածներին է գումարը գնալու:
Շոմբի Շարփ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող - Նախևառաջ պետք է ասեմ, որ ահավոր, աննկարագրելի, աներևակայելի ողբերգություն է: Ես Բեյրութում 4 տարի աշխատել եմ, կապ եմ պահում այնտեղի ընկերներիս հետ: Ներկայումս Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի համակարգման գծով ղեկավարը ևս Բեյրութում է, այնտեղ միացել է ՄԱԿ-ի աշխատանքներին և մասնակցում է պայթյունի հետևանքների արձագանքման միջոցառումներին: ՄԱԿ-ը, ի դեմս գլխավոր քարտուղարի, պատրաստ է այս ծանր ժամանակաշրջանում նեցուկ լինել Լիբանանի ժողովրդին: ՄԱԿ-ի համակարգմամբ արդեն մեծածավալ ծրագիր է մեկնարկել՝ կառավարություններից, անհատներից, լիբանանական Կարմիր խաչից, քաղհասարակության կազմակերպությունների տրամադրած միջազգային ռեսուրսները և ֆինանսավորումը ՄԱԿ-ի միջոցով են տրվելու անհատներին: Այս ողբերգության մասշտաբներն այնքան ահռելի են, որ պետք է ամբողջ աշխարհի ջանքերի միավորումը: Նախագահ Մակրոնի խոսքերի ոգին էլ հենց դա էր: Հայաստանի կառավարությունն էլ մեծածավալ օգնություն է տրամադրում: Մենք կապի մեջ ենք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, արտակարգ իրավիճակների նախարարության հետ, մի քանի թռիչք է պատրաստվում դեպի Լիբանան՝ մարդասիրական օգնության համար: Գնալու են նաև փրկարարներ, որ պատրաստ են որոնողական աշխատանքներին միանալ: Կիրակի կհասնեն Բեյրութ:
«Լուրեր» - Պարոն Շարփ, .... ենթադրում եմ, որ այս օրերին շատ դժվար է այնտեղ ՄԱԿ-ի գրասենյակի աշխատանքը: Կապ հաստատե՞լ եք, ինչպե՞ս է այս օրերին այնտեղ ընթանում աշխատանքը, և ի՞նչ դժվարություններ են ունեցել:
Շոմբի Շարփ - Այո, միանշանակ, ՄԱԿ-ն էլ ձևավորվել է 2-րդ աշխարհամարտից հետո: Հիմնական նպատակն էր օգնել խուսափել նման արհավիրքներից ու հնարավոր պատերազմներից: Դժբախտաբար, այս ընթացքում շատ հակամարտություններ են եղել: Սակայն ՄԱԿ-ը բազմաթիվ գործիքներ ունի, որոնցով կարելի է խուսափել դրանցից: Օրինակ՝ քաջ հայտնի են ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերը: Մարդու իրավունքների ապահովումը և ամրապնդումը խաղաղության և անվտանգության համար մեկ փաթեթով են: Ակնհայտ է, որ հիմա համաշխարհային ճգնաժամ է, և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բոլոր ազգերին հորդորել է ապահովել հրադադարները ցանկացած հակամարտությունների շրջանակում, երբ ամեն երկիր կանգնած է Քովիդ-19-ի ծանր մարտահրավերի առաջ: Ոչ միշտ է հնարավոր, բայց ամեն կերպ փորձում ենք սատարել խաղաղությանն ու երկխոսությանն ուղղված ջանքերին: Հայաստանի սահմանին, իհարկե, վերջերս չարաբաստիկ դեպքեր տեղի ունեցան, և հակամարտությունը սրվեց: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հստակ է արտահայտվել, խոսել քաղաքական ղեկավարների հետ և արտահայտել է ՄԱԿ-ի օժանդակությունը Մինսկի խմբի համանախագահների բանակցային գործընթացին: Այս համատեքստում չկա ռազմական լուծում, և խաղաղ լուծման հասնելու միակ ձևը Մինսկի համանախագահների ձևաչափն է:
«Լուրեր» - Խոսեցինք պատերազմական իրավիճակներից, դուք Բեյրութում եք աշխատել 2010-2014 թթ.՝ այն ժամականահատվածում, երբ Լիբանանը հետպատերազմյան շրջանում էր. կխնդրեի հիշել Ձեր աշխատանքները Բեյրութում, և այդ ընթացքում նաև հայերի՞ հետ եք շփվել, որոնց հետ հիմա է՞լ եք կապ պահպանում:
Շոմբի Շարփ - Այո, իհարկե, ես միայն կյանքի շատ ուշ փուլում հասկացա, որ հայերի հետ իմ կապերը սկսվել են ծնվելուս օրվանից: Ես ծնվել եմ Լոս Անջելեսի հարևան Բըրբանք քաղաքում, որի հարևանությամբ բազմաթիվ հայեր են ապրում: Հետո աշխատել եմ Մոսկվայում, ապա՝ Բեյրութում, որոնք կրկին հայահոծ են: Լիբանանի ու Հայաստանի միջև կապերն ինձ համար հատկապես նշանակալից են: Լիբանանում իմ ամենամտերիմ ընկերը հայ էր, իսկ իմ ամենասիրելի ռեստորանը ևս հայկական էր, ու շատ ուրախացա, երբ Հայաստանում էլ նույնպիսի ռեստորան բացվեց: Ես շատ լավ ծանոթ եմ Բուրջ-Համուդում ապրող հայերին: Նաև բասկետբոլի մեծ սիրահար եմ ու «Հոմենթմենի» բազմաթիվ խաղերի եմ մասնակցել: Կարծում եմ՝ իսկապես, շատ կարևոր է, որ Հայաստանը Լիբանանի կողքին լինի ու աջակցի: Մենք աշխատում ենք հայ-լիբանանյան կառույցների հետ: Եթե տեսնենք, որ Լիբանանից Հայաստան գալ ցանկացողների թիվն ավելանում է, սերտորեն կաշխատենք միգրացիոն ծառայության հետ և կապահովենք, որ մարդիկ կարողանան ապրել այստեղ՝ Հայաստանում, և ստիպված չլինեն կյանքը շարունակել մեկ այլ՝ երրորդ երկրում, ինչը տեսանք Սիրիայի հակամարտության ժամանակ:
«Լուրեր» - Այսինքն՝ ՄԱԿ-ը ակտիվ մասնակցություն է ունենալու, որպեսզի լիբանանահայերը, որ վերադառնում են, ապաստան գտնեն Հայաստանում:
Շոմբի Շարփ - Միանշանակ: Հայաստան եկող միգրանտներին, որ մեծ մասամբ ազգությամբ հայ են, երկար տարիներ է՝ ուղղակի օժանդակություն ենք ցուցաբերում՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ գործակցելով: Նաև տնտեսական և այլ որոլտներում աջակցում ենք, որ մարդիկ այստեղ իրենց կյանքը կառուցեն:
«Լուրեր» - Տարբեր ոլորտներից խոսեցինք: Հիմա մենք խոսում ենք նաև դիմակով, և, իհարկե, անհնար է մոռանալ նաև համավարակի մասին, հետևանքները կանխարգելելու նպատակով տարբեր ծրագրեր են իրականացվում, ինչպես դուք նշեցիք, կխնդրեի նշել, թե քանի մարդ է օգտվել այդ ծրագրերից:
Շոմբի Շարփ - Դուք դիմակներից խոսեցիք, ԱՀԿ-ն ամբողջ աշխարհում դիմակ կրելու մեկ շաբաթ հայտարարեց: Այդպես մենք գնահատում, արժևորում և փաստում ենք, որ կառավարությունները հասկացել են դիմակի կարևորությունը: Մարտի սկզբից Հայաստանում մեկնարկել ենք 6 ոլորտում ճգնաժամային օգնության ծրագիր: Օրինակ՝ միջազգային մեր դոնոր կազմակերպությունների հետ Հայաստանին տրամադրել ենք 100 հազարավոր անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակներ, ձեռնոցներ, դիմավահաններ և այլն:
«Լուրեր» - Դուք հետևո՞ւմ եք, մարդիկ դիմակ կրո՞ւմ են, ընդհանրապես:
Շոմբի Շարփ - Իհարկե, սկզբում կար մարտահրավեր: Հայերը, որպես հուզական կապերով իրար հետ սերտ կապված ժողովուրդ, բնական երևույթ չէին համարում համահամաճարակային կանոնները պահպանելը, սակայն կարծում եմ՝ Հայաստանի կառավարությունը շատ ճիշտ արձագանքեց՝ դիմակների օգտագործումը խթանելով: Հիմա էլ սիրահարների այգում ենք, ու մեր շուրջբոլորը նայելով՝ կարող ենք նկատել, որ բոլորը դիմակով են: Սա շատ կարևոր է, քանի որ Հայաստանում մարդիկ չեն մոռանում համավարակի մասին՝ ի տարբերություն այլ երկրների, որտեղ մոռացել են: Հենց այդ երկրներում էլ վերսկսվում է վարակը: Բայց մարդիկ չպետք է սկսեն մտածել, թե Քովիդն ավարտվել է, քանի որ շատ երկրներում հնարավոր է՝ երկրորդ ալիքը սկսվի, մենք ևս պետք է պատրաստ լինենք: Գուցե Հայաստանում դրական ազդի նաև այն, որ երկար ժամանակ պայքարելով համավարակի դեմ՝ բարելավվել է առողջապահական համակարգի որակը, սահմանափակվել են մահվան դեպքերը: ՄԱԿ-ը կոչ է անում, որ մարդիկ շարունակեն կրել դիմակ, ձեռքերը հաճախ լվանան, պահպանեն սոցիալական հեռավորություն և խուսափեն մեծ միջոցառումներից: Շատ հնարավոր է, որ այսպես Հայաստանը կարողանա հաղթահարել համավարակը: Մենք աշխատում ենք Կառավարության, պարետատան հետ՝ վերցնելով երկրների լավագույն օրինակները, այսպես ասած՝ «սմարթ ռազմավարություն» ենք մշակում: Պիտի նշեմ նաև, որ օդափոխիչ սարքեր, տասնյակ հազարավոր թեստեր ենք հատկացրել, և ՄԱԿ-ի Մանկական գրասենյակը հարյուրավոր պլանշետներ է նվիրել դպրոցներին, որպեսզի երեխաները կարողանան մասնակցեն հեռավար կրթությանը, ուսուցիչների համար դասընթացներ ենք կազմակերպել: Հարյուրավոր ֆերմերների ենք օժանդակել, որ հաղթահարեն տեղի ունեցածի հետևանքները: Աշխատում ենք նաև սոցիալական հարցերի նախարարության հետ՝ դրամական և սոցիալական փաթեթներ ուղարկելով խոցելի խմբերի ընտանիքներին: Ավելի լավ պատկերացնելու համար ասեմ, որ 18 միլիոն դոլար մեր դրամաշնորհային ֆինասնավորումից վերաուղղորդել ենք, որ միասնական ջանքերն ուղղենք հաղթահարելու այս դժվարին ժամանակաշրջանը:
«Լուրեր» - Այսինքն՝ 18 միլիոն դոլարն ամբողջությամբ տրամադրվելու է դրա՞ն:
Շոմբի Շարփ - Այո, այո, ինչպես նաև նախապատրաստվում ենք համավարակի հնարավոր երկրորդ ալիքին, աշխատում ենք նաև փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակի հետ: Քովիդը դեռ երկար է շարունակվելու: Նույնիսկ պատվաստանյութ ստեղծելու դեպքում մինչև տարեվերջ չի հասնի Հայաստան: Մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ հետևանքներին, քանի որ մատակարարման շղթաներն աշխարհում խաթարվել են, շատ ձեռնարկություններ՝ փակվել: Սա գերազանց հնարավորություն է՝ մի ցատկով ավելի առաջ գնալու: Պետք է առիթն օգտագործել ու ասել՝ եկեք կանաչ տնտեսություն ստեղծենք, երիտասարդներին սովորեցնենք ավելի լավ տիրապետել նորագույն տեխնոլոգիաներին:
«Լուրեր» - (Ամբողջացնելով զրույցը....)
Շոմբի Շարփ- Ես սիրում եմ Լիբանանը, ինքս անձամբ 4 հիանալի տարի եմ այնտեղ անցկացրել: Այդ ընթացքում նաև լիբանանահայերին եմ շատ լավ ճանաչել, նրանք զարմանահրաշ, ստեղծարար, դիմակայուն մարդիկ են: Անգամ այս ողբերգության մեջ ես գիտեմ՝ եթե որևէ ազգ, որևէ երկիր կարող է վերականգնվել այս աղետից, լիբանանցիներն են: Միջազգային համայնքի օգնությունն էլ իհարկե կարևոր է: Թեպետ այս պահին ասածս կարող է մռայլ թվալ, բայց աշխարհի տարբեր ծայրերից Լիբանան հասնող բեռնված ինքնաթիռները ցույց են տալիս՝ միասին կարող ենք ձեռք ձեռքի տալ, որ Լիբանանը պայծառ ապագա ունենա...