4,5 ամսվա հարկադիր դադարից հետո Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբն աշխատանքը վերսկսել է մեծ ու բացառիկ երաժշտական նախագծով: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր՝ 9 սիմֆոնիաները: Էդուարդ Թոփչյանն առանձնահատուկ ոգեշնչված է, նախ Բեթհովենը նրա տարերքն է և ապա ընդամենը 2 օր առաջ 3-րդ անգամ հայրիկ է դարձել և վերջապես դուստր է ունեցել:
Այժմ փորձում են հանճարեղ գերմանացու 4-րդ սիմֆոնիան, աշխատում են սոցիալական անվտանգության գերմանական մոդելով, որն ստացել է պարետատան հաստատումը:
Սկսած 1994-ից Թոփչյանը վիեննական դասականներին և, հատկապես, Բեթհովենին պահում է ուշադրության առանցքում. նման բարձրակարգ ձայնագրությունները մեծ պատասխանատվություն է համարում և պրոֆեսիոնալիզմի ցուցանիշ: Ֆիլհարմոնիկի ՝ Խաչատրյանի 2-րդ և Չայկովսկու 6-րդ սիմֆոնիաների վերջերս արված ձայնագրություններից հետո բեթհովենյան նախագիծը որակական նոր վերելք կբերի նվագախմբին:
Թոփչյանը շնորհակալությամբ է փաստում, որ անհավատալի այս ծրագիրը մեկնարկեց մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ: Ձայնագրություններն իրականացնելու է այսօր աշխարհում ամենապահանջված հնչյունային ռեժիսորներից «Գրեմմիի» հավակնորդ Էվերետ Պորտերը, որն աշխատում է այնպիսի առաջնակարգ նվագախմբերի հետ ինչպիսիք են՝ Կոնցերտգեբաուն, Ֆիլադելֆիայի, Քլիվլենդի, Չիկագոյի սիմֆոնիկները:
Չնայած ամբողջ աշխարհում Բեթհովենի 250-ամյակին նվիրված միջոցառումները հետձգվել են մինչև 2021-ը, բայց Հայաստանի ֆիլհարմոնիկը համավարակի պարապուրդը վերածում է ստեղծագործական վերելքի և քայլ առաջ անում այն ճանապարհին, որ դեպի միջազգային երաժշտական ընտրանի նախանշել է նվագախմբի գլխավոր դիրիժորը: