Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Սևանի հիմնախնդիրները քննարկել է «Սևան» ազգային պարկի աշխատակազմի հետ:
Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում մանրամասներ է հայտնել հանդիպումից:
«Հանդիպում-քննարկում ունեցա ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակազմի հետ, ծանոթացա Սևանի ջրային ավազանի տասնամյակներ կուտակված էկոլոգիական հիմնախնդիրներին:
Սևանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը մեր ամենակարևոր ու անհապաղ լուծումներ պահանջող խնդիրն է, քանի որ այսօր խմելու ջուրը, թերևս, ամենաթանկն է աշխարհում:
Շրջայց կկատարեմ Սևանի ավազանի հանրային լողափ, ապա ստուգայցով կլինեմ լճի այլ ափերում, որտեղ այժմ ընթանում են առափնյա անտառածածկ հատվածների մաքրման աշխատանքներ, տեղում կդիտարկեմ առկա իրավիճակը»,- գրել է նախարարը: