Մ6 միջպետական ճանապարհի Ալավերդիով անցնող Բաղրամյան փողոցի նորակառույց հատվածում խնդիրներ են առաջացել: Մինչև նորոգումը միակ մայթը ճանապարհի գետեզրյա անվտանգ կողմում էր: Ճանապարհի վերակառուցումից հետո այն հայտնվել է փողոցի հակառակ կողմում, քարաժայռերի տակ, որտեղից փլուզումներ ու քարաթափումներն արդեն սովորական են դարձել:
Ոչ ոք չգիտի թե ինչ նպատակով է նախագծողը մայթը տեղափոխել, երթևեկողներին էլ դրել քարաթափումների վտանգի տակ:
Անդրեյ Ղուկասյան- Լոռու մարզպետ - Ես նույնպես մասնագիտորեն չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց կախված ճանապարհի թեքություններից, գուցե ավելի անվտանգ է հենապատի ետևում, քան մյուս մասում, որտեղ բաց է և որտեղ գուցե հավանականությունն ավելի շատ է, որ մայթում քայլող մարդկանց մեքենաները հարվածեն:
Սակայն, ի տարբերություն մայրուղու վերակառուցված այլ հատվածների այստեղ հենապատ նախատեսված չէ, որը, թերևս, կպաշտպաներ փողոցը փլուզումներից:
Դավիթ Ազատյան-Շինարարության պատասխանատու - Քննարկման փուլում է նաև լուսավորման հարցը, այդ հարցը քննարկման փուլում է և էդ խնդիրները դեռ քննարկման մեջ են, և այսինքն եթե վերջնական լուծումը լինի, հետիոտների համար հարմարավետ վիճակ է լինելու:
Եթե գիշերով քարը գլորվի և ընկնի ճանապարհի վրա, լուսավորությունը թույլ կտա երթևեկողներին տեսնել և շրջանցել դրանք: Այս լուծումը միակը չէ: Շինարարության ճարտարագետի հետ քննարակվում է նոր ճանապարհին կուտակվող անձրևաջրերի հեռացման և կախված ժայռերից հանույթ իրականացնելու հնարավորությունը:
Տեղացիները լավ գիտեն՝ արհեստական քարաթափումներ ձորի ճանապարհներին միշտ էլ արվել են, սակայն կարճ ժամանակ անց քարաթափումները շարունակվում են: Ամենարդյունավետ լուծումը, ըստ մասնագետների, մայթն իր տեղը վերադարձնելն է: