ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ հիշեցնելով, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից մարտի 31-ին դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով քաղաքական, վարչական, հայեցողական և ինքնավար պաշտոններ զբաղեցնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների (այսպես կոչված՝ «30%-ների») ֆոնդի միջոցներն ուղղել Կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի համաճարակի տարածման հետևանքով ինչպես համաշխարհային, այնպես էլ ներպետական տնտեսական ցուցանիշները շարունակում են անկում ապրել, միաժամանակ, հայտնի չէ, թե հատկապես ընթացիկ տարում որքան կկազմի պետական բյուջեի պակասուրդը։
«Դրանից հետո՝ այսօր համավարակի հայտարարումից հետո առաջին անգամ պատգամավորներին կրկին փոխանցվել է 30% պարգևավճար։
Քանի որ փոխանցումն արդեն ստացվել է, տեղեկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներն իրենց ստացած պարգևավճարները փոխանցելու են Տավուշի մարզում հուլիսյան դեպքերի ընթացքում կրած վնասներից վերականգմանն ուղղված ծրագրերին։
Եթե հաջորդող ամիսներին ևս լինի պարգևատրում, ապա մենք կրկին այն կուղղենք բարեգործական նպատակների իրականացմանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շարունակում է պնդել, որ տնտեսական աճի բացակայության պայմաններում բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, մարզպետները, փոխմարզպետները, քաղաքապետները և այլք, չպետք է ստանան պարգևավճար։ Մենք գտնում ենք, որ նրանց բոլորի պարգևավճար ստանալը պետք է պայմանավորված լինի տնտեսական աճով և այլ էական սոցիալ-տնտեսական ցուցանիշներով»,- գրել է պատգամավորը: