Կորոնայի հատկապես լոք-դաունի փուլում, պարզվում է, տնից ինտերնետով առևտուրը ոչ միայն սպառողներին է գրավել... այլև՝ ՊԵԿ-ի քննիչներին: Մտածել են՝ առցանց առուծախը հնարամիտ վաճառողները հաստատ խախտումներով կանեն:
Վահան Չարխիֆալակյան, ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ - Քողարկված, ծածկագրաված կատարել ենք համակարգչից մինչև հագուստի գնում, սննդամթերք: Կարող եմ ասել, որ առանձին դեպքերում արձանագրվել են խախտման դեպքեր:
Հիմնական խախտումները, որ տարվա առաջին 7 ամսում բիզնեսի մոտ բացահայտել են Պետեկամուտների հետաքննիչները, եղել է իրացման շրջանառությունը ստվերում թաքցնելը, աշխատողների քանակն ու վարձատրությունը պակաս ձևակերպելը, նաև ծախսերն ուռճացնելը: Փոքր ընկերությունների միջոցով քիչ հարկ վճարելու համար՝ տնտեսվարողները շարունակում են բիզնեսը մասնատելու գործը:
Վահան Չարխիֆալակյան, ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ - Բազմաթիվ հարկ վճարողներ պակաս հարկեր վճարելու դիտավորությամբ իրենց բարեկամների անունով գրանցում են կազմակերպություններ և տրոհում են բիզնեսը:
Վահան Չարխիֆալակյանը պնդում է. բացահայտված է նաև ԵԱՏՄ-ից ապրանք ներկրողների կանխամտածված անվճարունակության գաղտնիքը: Բազմաթիվ քրեական գործեր ունեն, ըստ որոնց պետռեգիստրում որպես անհատ ձեռներեց գրանցված անձը տվյալ բիզնեսի հետ կապ չունեցող, սոցիալապես անապահով մարդ է, ով իր անունով բացած ԱՁ-ն փողի դիմաց օգտագործման է տվել որոշ կազմակերպությունների:
Վահան Չարխիֆալակյան, ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ - Մեզ ամբողջությամբ հայտնի են դրա կազմակերպիչների շրջանակը, դրդողները:
Ընդհանուր վերցրած՝ հունվարից հուլիս օպերատիվ ստուգումներով ՊԵԿ-ն արձանագրել է բյուջե վճարման ենթակա մոտ 2.8 մլրդ դրամ լրացուցիչ հարկ: Վերականգնված է դեռևս մլրդ 640 մլն-ը: