ՅՈՒՆԻՍԵՖ-ը ցավում է Լիբանանում տեղի ունեցած սարսափելի պայթյունների հետևանքով մարդկային կյանքերի կորստի համար: Զոհերի թիվը, ըստ վերջին տեղեկությունների, հասել է 140-ի, վիրավորներինը՝ 5000-ի: Ավելի քան 300000 մարդ արդեն տեղահանված է: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգված է, որ զոհերի թվում կան նաև երեխաներ: Այս մասին ասվում է Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի՝ Յուկի Մոկոյի հայտարարության մեջ:
«Մեր սրտերը այն երեխաների և ընտանիքների հետ են, որոնք տուժել են պայթյունից, հատկապես նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին: Մաղթում ենք տուժածներին արագ ապաքինում: Բեյրութի ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմը անմասն չի մնացել այս ողբերգությունից: Մեր գործընկերներից մեկը կորցրեց իր տիկնոջը, անձնակազմի յոթ անդամ վիրավորվել է, տասնյակ գործընկերների տներ են վնասվել: Մենք բոլորս ցնցված ենք»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը սերտորեն համագործակցում է տեղական իշխանությունների և գործընկերների հետ` տուժածների, բժշկական անձնակազմի, առաջնագծում աշխատողների կարիքները հոգալու համար:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է նաև առողջապահության նախարարությանը՝ նավահանգստի պահեստում պահվող դեղամիջոցների ու պատվաստանյութերի չվնասված մասը հանելու գործում»:
«Բեյրութում տեղի ունեցած աղետը Լիբանանի ժողովրդի համար է՛լ ավելի է խորացնում տնտեսական կոլապսի և COVID-19-ի հետևանքով առաջացած ճգնաժամը: Համաճարակի պայմաններում հիվանդանոցներն արդեն ծանրաբեռնված էին, իսկ առաջնագծի աշխատողները՝ գերհոգնած:
Տուժած ընտանիքներին ու երեխաներին օգնելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը խնդրում է հանգանակել՝ https://help.unicef.org/beirut-explosions»,- ասված է հաղորդագրության մեջ: