Կորոնավիրուսն իր ազդեցությունն է թողել նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գործունեության վրա. տարեկան 3 միլիոն ուղևորաշրջանառություն ունեցող ուղևորահոսքը կրճատվել է 98 տոկոսով: Այս մասին ասվում է «Զվարթնոց» օդանավակայանի Ֆեյսբուքի էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Մինչև կյանքի բնականոն հունին անցնելը, մենք ստանձնեցինք ապահովել ոչ միայն ուղևորների անվտանգ թռիչքները, այլ նաև՝ ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ կորոնավիրուսից վերջիններիս պաշտպանելու համար:
Այդ նպատակով ավիացիոն անվտանգության աշխատակիցները, շրջիկ ծառայության ընթացքում ժամանակակից «խելացի» սաղավարտներով հեռավար ձևով կջերմաչափեն ուղևորներին, ուղեբեռներն ու ձեռքի իրերն անվտանգ կերպով կախտահանվեն, օդանավակայանում փակցված հատուկ գծանշանների ու ցուցանակների, տեղադրված պաշտպանիչ բաժանարարների շնորհիվ կապահովվի ինչպես ուղևորների, այնպես էլ մեր աշխատակիցների միջև անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը, իսկ ձեռքերի ախտահանման համար տեղադրված են անհրաժեշտ ախտահանիչ հեղուկներ:
Մենք պատրաստ ենք դիմակայել համաճարակի բոլոր դժվարություններին և վստահ ենք, որ այն կհաղթենք միասնական ուժերով:
Մեր և ձեր ճանապարհորդությունները դեռ նոր են սկսվում, իսկ կյանքի գեղեցիկ պահերը դեռ առջևում են»,- ասվում է հաղորդագրության մեջ: