Հուլիսի 31-ին Մարդու իրավունքների պաշտպանի և հասարակական կազմակերպությունների միջև տեղի ունեցած «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով առցանց քննարկման արդյունքներն ամփոփվել են և ուղարկվել պարետատուն:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկման ժամանակ նշել էր, որ արտակարգ դրության ժամանակ ավելի մեծ է պետության իրավական բեռը, քանի որ յուրաքանչյուր սահմանափակում պետք է լինի անհրաժեշտ, իրավաչափ և կոնկրետ իրավիճակին համաչափ, այս դեպքում՝ պետք է ծառայի կորոնավիրուսի կանխարգելմանը։
Իրավունքների սահմանափակումների հիմնավորումները չեն կարող լինել այն նույն ծավալի, ինչ արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական շրջանում: Այլ կերպ՝ որքան երկարում է արտակարգ դրությունը, այնքան մեծանում է պետության իրավական պարտավորությունն առավել հիմնավորելու մարդու իրավունքների սահմանափակումները:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ չնայած հավաքների բացարձակ արգելքին՝ ոստիկանությունը պրակտիկայում մի շարք դեպքերում հավաքի մասնակիցներին հեռացնում է հավաքի վայրից, այլ դեպքերում՝ ոչ։
Քննարկման մասնակիցների առաջարկները պարետատնից բացի ուղարկվել են նաև արդարադատության նախարարություն: