Քննարկվել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ նախարարի խորհրդական Գոռ Ավետիսյանը‚ նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Սերժիկ Պետրոսյանը և ՀՀ պետական բյուջեի միջոցներով ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ կատարող կապալառու ընկերությունների‚ նախագծող և շինարարության որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵՆ-ից:
Այժմ միջպետական‚ հանրապետական և տեղական նշանակության ճանապարհներին մեծ ծավալով հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում‚ որոնց ժամանակ երբեմն ի հայտ են գալիս տեխնիկական ու նախագծային որոշ հարցեր‚ որոնց լուծման համար նախագծողը ներկայացնում է առաջարկներ‚ և պատվիրատուի հետ քննարկման արդյունքում ընտրվում է խնդրի լուծման օպտիմալ տարբերակը։
Հանդիպման ընթացքում‚ մասնավորապես‚ անդրադարձ է եղել Մ-8‚ Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի 6.5 կմ հատվածի‚ Տ-1-39 (Մ-1)-Կաթնաղբյուր-Շղարշիկ-Եղնիկ (Տ-1-17) ավտոճանապարհի 3.1 կմ‚ Հ-73 Պարզ լիճ հանրապետական նշանակության ճանապարհի 5.6 կմ‚ Հ-8‚ Երևան-Արտաշատ-Այգեվան հանրապետական նշանակության 9.1 կմ հատվածների և այլ ճանապարհների հիմնանորոգման ընթացքին։ Բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին ճանապարհների հողային պաստառում գոյություն ունեցող գրունտների կարգերի ուսումնասիրմանը‚ ժայռային հանույթին‚ անվտանգության տարրերին։
Նախագծողի‚ կապալառուի և տեխհսկողի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այցելություններ կատարել նաև շինհրապարակներ և տեղում դիտարկել առաջարկվող լուծումների հնարավորությունները։