Կոմիտաս-Կասյան փողոցների հատման հրապարակում շուրջ մեկ տասնամյակ գործող գյուղմթերքի շուկան վաղվանից կվերաբացվի, սակայն ոչ նույն վայրում: Այն տեղափոխվում է «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածք:
Հայկ Բաղդասարյան, Արարատի մարզի ֆերմեր - Այս գիշեր գյուղացիները կբերեն իրենց ապրանքը, կտեղավորվեն, առավոտվանից քաղաքացիները կարող են գալ, օգտվել գյուղացու բերք ու բարիքից:
Հանգստյան օրերին գործող գյուղմթերքի տոնավաճառ գաղափարն ընդլայնվել ու ժամանակի ընթացքում շուկայի էր վերածվել:
Արամ Դանիելյան, Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար - Երբ սեզոնը բացվում էր, լինում էին 80-120, այնուհետև ավելանում էին 120-մինչև 150, իսկ հիմնական ամիսներին` մինչև 220 ֆերմերներ:
Անմիջապես գյուղացուց գնում կատարելու նպատակն իրականացավ, սակայն մայրաքաղաքի բանուկ հատվածում շուկան այլևս չէր կարող գործել: Կասյան-Կոմիտաս փողոցների հատման վայրում գտնվող հրապարակն աշխատանքային օրերին ծառայում է որպես ավտոկայանատեղի, շաբաթ կիրակի՝ գյուղմթերքի շուկա, սակայն քչերը գիտեն, որ տարածքը տարիներ առաջ անվանափոխվել և դարձել էր Մհեր Մկրտչյանի անվան հրապարակ,- ասում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ու հավելում՝ սիրված դերասանի անունը կրող հրապարակը պետք է նույնքան սիրված լինի:
Արամ Դանիելյան, Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար - Հրապարակ ասված այս տարածքը վերածված է ավտոկայանատեղիի, որը 20-30 ավտոմեքենա է կարողանում տեղավորել և որևէ կերպ չի հուշում, որ սա Մհեր Մկրտչյանի անվան հրապարակն է:
Տարածքը կազատեն, հրապարակի շարունակությունում գտնվող երևանցիներին հայտնի Մերգելյան ինստիտուտի այգին էլ կբարեկարգեն ու կազատեն քարե սրճարաններից,- ասում է վարչական շրջանի ղեկավարը:
Գյուղատնտեսական մթերքների շուկայի հարցն էլ արդեն լուծել են էկոնոմիկայի նախարարություն-քաղաքապետարան-ֆերմերներ եռակողմ համաձայնությամբ: Քաղաքապետարանը տարածք է հատկացրել «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ, Էկոնոմիկայի նախարարությունն էլ գյուղմթերքի վաճառքի համար տասը միլիոն դրամի անվճար գույք կտրամադրի:
Արման Խոջոյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ - Մոտ 200 սեղան, 75 վրան, 100 կշեռք, ինչպես նաև բոլորն ունենալու են բեյջեր, որտեղ նշված կլինի, թե իրենք, որ մարզն են ներկայացնում, համայնքը անուն, ազգանուն, որպեսզի կարողանանք նաև շուկայահանող ֆերմերներին ինդենտիֆիկացնել:
Անվանքարտն անհրաժեշտ է նաև, որ շուկայում արտադրողից բացի վերավաճառողներ չլինեն: