Բեյրութի հայաշատ թաղամասերի բնակարանների մեծ մասը, նաև դպրոցներն ու եկեղեցիները, ամբողջությամբ քանդվել կամ վնասվել են: Առցանց քննարկմանը վերջին տեղեկություններն է ներկայացնում լիբանանյան «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
Լիբանանը տեսել է քաղաքացիական պատերազմ, տնտեսական ճգնաժամ, այլ արհավիրքներ: Շահան Գանտահարյանը նշում է՝ այս և այլ պատճառներով հայ համայնքը աստիճանաբար նոսրանում է: Հայրենադարձության հարցն այս փուլում ևս բարդ է՝ սկսած բնակարանային խնդիրներից, վերջացրած երիտասարդների ուսման ապահովմամբ. այս ամենը տարեցտարի հող էր ստեղծում, որ լիբանանահայերն օրակարգում պահեն հայրենիք վերդառնալու հեռանկարը: Բեյրութի պայթյունն այս շարքում հերթական ազդակն էր:
Վաղը Բեյրութում կլինի Հայաստանի պատվիրակությունը, որը տեղում կծանոթանա իրավիճակին և կգնահատի կարիքները: Բացի այդ, փորձելու են պարզել, թե ովքե՞ր են ցանկանում վերադառնալ հայրենիք: «Հայաստան» համահայկական հիմնադրամն արդեն նախաձեռնել է դրամահավաք: Միայն մեկ օրում 200 նվիրատու հանգանակել է ավելի քան 40 հազար դոլար:
Բեյրութ մեկնող պատվիրակության կազմում կլինի նաև Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչ՝ «Իմ քայլից» Հրաչյա Հակոբյանը: Նպատակը՝ միջխորհրդարանական հարաբերությունների շրջանակում խնդրի քննարկումն է, նաև երկկողմ կապերի խորացումը:
«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանն էլ հայտնեց, որ Հայաստանում ապրող լիբանանահայերի հետ աշխատանքային խումբ է ձևավորվել: Վերջին իրադարձությունից հետո Լիբանանին աջակցելու և մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու 5 կետանոց առաջարկների փաթեթով դիմել են կառավարությանը, որից միայն մեկն է այս պահին իրագործվում՝ խոսքը Համահայկական հիմնադրամի հանգանակության մասին է:
Ինչո՞ւ է Հայաստանից Լիբանանին աջակցության գործընթացը մի փոքր դանդաղել. պատճառն, ըստ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, օբյեկտիվ է. պայթյունից անմիջապես հետո կապ են հաստատել մեր համայնքի հետ՝ կարիքները հասկանալու համար, սակայն մեկ ու կես օրվա ընթացքում հստակ պատասխան դեռ չի եղել, իսկ պետության նպատակը թիրախային աջակցությունն է, ոչ թե օգնությունը՝ հանրային հնչեղություն ապահովելու համար: Սինանյանը նաև հայտնեց, որ անհանգստացած է քաղաքացիության ձեռքբերման գործընթացով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հանձնարարել է կազմել հնարավոր հայրենադարձների ցուցակները: Ըստ Զարեհ Սինանյանի, կառավարությունն ամեն ինչ անելու է, որ լիբանանահայը չմեկնի այլ երկիր: