Արմավիրում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի բաղադրիչներից մեկով մեկնարկել են Չարենցի փողոցի Երևանյան-Շահումյան հատվածի կապիտալ նորոգման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից:
Ամբողջական ծրագրով նախատեսված է քաղաքի Աբովյան 139 բնակելի շենքից Բաղրամյան 25 բնակելի շենքերի միջև գտնվող միջբակային ճանապարհի և բակային տարածքների ասֆալտապատում և Շահումյան փողոցի Չարենցի-Ջիվանի հատվածի հիմնանորոգում:
Արմավիր քաղաքի սուբվենցիոն ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 216 մլն 127 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 97 մլն 257.15 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 118 մլն 869.85 հազ. դրամ: Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման արդյունքում կբեռնաթափվի և անվտանգ կդառնա կենտրոնական փողոցների ու բակային տարածքների երթևեկությունը, և տեղաշարժի ու կենսագործունեության հարմարավետ պայմաններ կստեղծվեն արմավիրցիների և քաղաքի հյուրերի համար: