Այսօր ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանում հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի և նրա ղեկավարած՝ «Միասնական հայրենիք» կուսակցության խորհրդարանական անդամների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել Անվտանգության խորհրդի կողմից կատարվող աշխատանքներին:
Արթուր Թովմասյանն իր խոսքում բարձր է գնահատել Անվտանգության խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները, կարևորել «Միասնական հայրենիք» կուսակցության խորհրդարանական գործունեությունը՝ նշելով, որ փոխգործակցության, համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կդառնա տալ բազմաթիվ օրակարգային խնդիրների լուծում: Այդ համատեքստում Աժ նախագահը կարևորել է նաև «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի և «Միասնական հայրենիք» կուսակցության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը՝ նշելով, որ դրանում ներառված ծրագրերի իրականացումը հանրային պահանջ է:
«Արցախում չկա մի քաղաքական ուժ, որ կկարողանա իր վրա վերցնել երկրի առջև ծառացած խնդիրների ողջ պատասխանատվությունը, ուստի պետք է գործել միասնական ուժերով»,- ընդգծել է Արթուր Թովմասյանը:
Սամվել Բաբայանն իր հերթին կարևորել է խորհրդարանի հետ համատեղ աշխատանքների իրականացումը՝ շեշտելով, որ երկրում իրականացվող ցանկացած ծրագիր պետք է գործի օրենքի շրջանակներում, բխի ժողովրդի շահերից և ունենա բնակչության կենսամակարդակի զգալի բարձրացման միտում:
Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն՝ հետագայում ևս շարունակելու սերտ համագործակցությունը: