Մ3-Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի՝ Ուշիից դեպի Տառերի պուրակ ընկած հատվածի վերանորոգման արդյունքում քանդված ասֆալտբետոնե ծածկը տրամադրվում է Արագածոտնի մարզի 20-ից ավել համայնքների՝ ներհամայնքային ավելի քան 100 հողածածք ճանապարհներ նորոգելու համար: Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:
«Տրամադրվող աղացած ասֆալտը կբավարարի 15-20 կմ ներհամայնքային ճանապարհների բարեկարգումն իրականացնելուն: Ասֆալտի փռման աշխատանքներին ներգրավվում են նաև տեղի բնակիչները՝ այդպիսով մասնակցելով իրենց բնակավայրի բարեկարգմանը:
Նշված ճանապարհի Ապարան համայնքի տարածքում ընկած 3.5 կմ հատվածի աղացած ասֆալտն առաջիկա օրերին կտրամադրվի Ապարան խոշորացված համայնքին՝ բոլոր 21 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների վերանորոգման համար: Այս նպատակով Հարթավան-Քուչակ հատվածից օրեր առաջ Ապարան համայնքին է տրամադրվել մոտ 500 բեռնատար ասֆալտ:
Բաշխումն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Արագածոտնի մարզպետարանի համագործակցությամբ»,- գրված է հայտարարությունում: