ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Ստեփանակերտում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Բերտրան Լամոնի հետ:
Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել ԿԽՄԿ մարդասիրական առաքելության իրականացումն Արցախում՝ շեշտելով կազմակերպության կողմից չեզոք միջնորդի դերը և հումանիտար շրջանակում նրանց կողմից իրականացվող գործունեության կարևորությունը:
ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին հանդիպման համար և ներկայացրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաջնահերթ նպատակները՝ մասնավորապես անդրադառնալով հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց խնդիրների հիմնահարցում իշխանություններին սատարմանը:
Խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ԿԽՄԿ պատվիրակությունն այսուհետ ևս ակտիվորեն կշարունակի աշխատանքների իրականացումն Արցախում՝ իր լիազորությունների շրջանակում աջակցելով առկա խնդիրների լուծմանը: Այդ համատեքստում, ըստ Արթուր Թովմասյանի, պետական կառույցների աջակցությունը և փոխգործակցությունը ԿԽՄԿ-ի հետ անհրաժեշտ և կարևոր է Արցախի ժողովրդի համար: