Թագուհին «Իմ քայլը» հիմնադրամին դիմել է կրթաթոշակ ստանալու համար, ընտրող հանձնաժողովի հետ հարցազրույցից գոհ է: ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո Միլանի պոլիտեխնիկական համալսարան է ընդունվել:
Թագուհի Մեսրոպյան, դիմորդ - Այնտեղ վարձը մոտ 4000 եվրո է: Բայց մոտ 11 000 էլ պետք է մնացած ծախսերի համար: Հիմնադրամին դիմել եմ, քանի որ գիտեմ, որ մինչև կեսը հնարավոր է ֆինանսավորեն:
Այս տարի կրթաթոշակի համար հիմնադրամին դիմել է 73 ուսանող: Արդեն երկու օր է՝ հանձնաժողովը լսում է ծրագրի չափորոշիչները բավարարած 41 ուսանողի:
Անահիտն էլ դպրոցն ավարտելուց հետո որոշել է բարձրագույն կրթություն ստանալ Ռոտերդամի Էրազմուս համալսարանում, հուզված է, բայց վստահ՝ հարցազրույցը հաջող կանցնի:
Անահիտ Ամիրխանյան, դիմորդ - Էրազմուսի համալսարանը մասնագիտությանս ուղղությամբ 17-րդ լավագույն համալսարանն է աշխարհում: Ծրագիրն ինձ շատ է դուր եկել:
Հիմնադրամի նպատակն աշխարհի 20 լավագույն համալսարաններում Հայաստանի զարգացման հեռանկարներից բխող մասնագիտություններով սովորող ուսանողների ֆինանսավորումն է:
Հովհաննես Ղազարյան, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն - Ունենք առաջնահերթություններ, օրինակ՝ մասնագիտության հետ կապված, այն մասնագիտությունները, որոնք պահանջված են: Առաջնահերթություն ենք տալիս նաև ծրագրին, որը ցույց է տալիս, թե որքանով են պատկերացնում իրենց մասնագիտության կիրառական նշանակությունը:
Մյուս կարևոր նախապայմանը Հայաստան վերադարձն ու ստացած գիտելիքները մի քանի տարի հայրենիքում ծառայեցնելն է: Հանձնաժողովի անդամ Տաթևիկ Ղարիբյանը կարևոր է համարում ուսանողների՝ հենց Հայաստանին օգնելու ծրագիրը:
Այս տարվա դիմորդների մեծամասնությունն առողջապահության ոլորտից է: Հիմնադրամում վստահ են՝ ուսանողների ընտրության հարցում պանդեմիան իր դերն է ունեցել: Պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները՝ որոշ ուսանողների ծանոթանում են հեռակապով: Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի դիմորղների թիվը պակասել է, պատճառն էլի կորոնավիրուսն է:
«Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակ է շնորհում ուսման համար անհրաժեշտ ծախսերի մինչև 50 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան 25 հազար դոլարը մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներին: 10 հազար դոլարի չափով առավելագույնը, 10 կրթաթոշակ էլ բակալավրիատի ուսանողների համար է նախատեսված: