Օգոստոսի 6-ին և 7-ին տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի 2020-2021 թթ.
ուսումնական տարվա Կրթաթոշակային ծրագրի ընտրական հանձնաժողովի հետ
հարցազրույցի փուլը:
Ապրիլի 10-ին հայտարարվել էր 2020 թ. Կրթաթոշակային ծրագրի դիմումների
ընդունման փուլը (https://mystep.foundation/hy/our-work/210/), արդյունքում ստացվել էր
73 դիմում, որոնցից դիտարկվել են 41-ը, իսկ մյուս դիմումները չեն բավարարել
Ծրագրի չափորոշիչներին:
Երկօրյա հարցազրույցների փուլից հետո կընտրվեն այն դիմորդները, որոնք կարժանանան կրթաթոշակի: Դիմորդներին կրթաթոշակ տրամադրվելու է հարցազրույցի արդյունքների, դիմորդի հայտադիմումի, դրան կցած փաստաթղթերի ամփոփումից հետո (համալսարան, ուսումնական ծրագիր, ակադեմիական աստիճան, մասնագիտություն, ընտրական հանձաժողովի հետ հարցազրույցի արդյունքներ, կրթաթոշակային ծրագրի բյուջե):
Այս տարվա դիմորդների ճնշող մեծամասնությունը բժշկության և
առողջապահության կառավարման, վիճակագրության, կենսաբանության և
կենսաքիմիայի, քաղաքաշինության, ուրբանիստիկայի, լոգիստիկայի ոլորտներից
են:
«Հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդներին ձեռք բերել Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտություններ աշխարհի լավագույն բուհերում:
Ի դեպ, մեր շրջանավարտները, ծրագրի դրույթների համաձայն, վերադառնում են Հայրենիք և ի շահ Հայաստանի զարգացման ծառայեցնում իրենց գիտելիքներն ու հմտությունները: Նրանք ընդգրկվում են մասնագիտական ոլորտների զարգացման ծրագրերի մեջ, կիսվում իրենց ստացած գիտելիքներով և այլն: Աշխարհի լավագույն կրթօջախների հետ մշտական կապն անհրաժեշտություն է Հայաստանի համար, այն զարգացած երկրների կողքին համաքայլ շարժվելու եզակի հնարավորություն է, այստեղ, թերևս, այլ տարբերակ չունենք:
Կրթաթոշակային ծրագրի կայացման համար երկու տարի շարունակ ջանք չենք խնայում: Այս ընթացքում հաջողել ենք ծրագրին հաղորդել թափանցիկություն, ապահովել վստահության շեմի բարձրացում, մշակել ու կարգավորել ողջ ընթացակարգը՝ կրթաթոշակի հայտարարում, դիմումների ընդունում, հարցազրույցների վարում, կրթաթոշակի տրամադրում, ուսման պրոցեսի վերահսկում, վերադարձ Հայաստան և այլն», - նշում է ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի գործադիր տնօրեն
Հովհաննես Ղազարյանը:
Նախապես կազմվել էին տարբեր ընտրական հանձնախմբեր՝ ըստ դիմորդների
մասնագիտական ուղղվածության: Հարցազրույցների ու ներկայացված
հայտադիմումների արդյունքները կամփոփվեն մինչև օգոստոսի 21-ը, որից հետո
կհայտարարվեն կրթաթոշակի արժանացած դիմորդների անունները:
«Այս տարվա ընտրական հանձնաժողովի կազմն ընդլայնվել է՝ հաշվի առնելով դիմորդների մասնագիտությունները: Կազմի մեջ ընդգրկված են և´ մասնավոր ոլորտի, և´ պետական համակարգի ներկայացուցիչներ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության քաղաքականության մշակման մասնագետ», - նշում է Հիմնադրամի կրթական ծրագրերի համակարգող Արմեն Ներսեսյանը։
Կրթաթոշակի չափը կախված է լինելու՝ ուսման համար անհրաժեշտ ծախսերից,
ակադեմիական աստիճանից, մասնագիտությունից, ընտրական հանձնաժողովի
հետ հարցազրույցի արդյունքներից, կրթաթոշակային ծրագրի պայմաններից,
կրթաթոշակային ծրագրի բյուջեից:
Կրթաթոշակ կշնորհվի ուսման համար անհրաժեշտ ծախսերի մինչև 50 տոկոսի
չափով, սակայն ոչ ավել, քան 25 000 ԱՄՆ դոլար՝ մագիստրատուրայի և
ասպիրանտուրայի ուսանողների համար: Բակալավրիատ ընդունված դիմորդներին կշնորհվի մինչև 10 կրթաթոշակ` առավելագույնը 10 000 ԱՄՆ դոլար: