Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր Տաշիր և Մեծավան համայնքներում էր՝ 2020 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շինարարության ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնում է Լոռու մարզպետարանը:
«Արվեստի դպրոցի վերանորոգում, ջեռուցման համակարգի անցկացում, ներհամայնքային փողոցների նորոգում, համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի վերանորոգում և այլ ծրագրեր կյանքի են կոչվում պետություն-համայնք համատեղ ներդրմամբ, շինարարությունն էլ ակտիվ ընթացքի մեջ է:
Այս տարի կնորոգվեն Բլագոդարնոյե, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Կաթնառատ, Մեդովկա, Սարատովկա բնակավայրերի վարչական կենտրոնները, կիրականացվեն ներքին հարդարման աշխատանքներ՝ կտեղադրվեն մետաղապլաստմասսե պատուհաններ, արտաքին դռները կփոխարինվեն նորերով, կլամինապատվեն հատակները, կվերանորոգվի ինժեներական ներքին ցանցը: Կարվի հնարավորը՝ բնակիչների սպասարկումը պատշաճ կազմակերպելու համար:
Շինաշխատանքներն իրականացնող ընկերությունների պատասխանատուները խոստանում են՝ աշխատանքները կարվեն որակյալ: Լոռու մարզպետի ակնկալիքն է՝ գործին մոտենալ սրտացավորեն, անել մեկ անգամ, բայց որակով, եթե անհրաժեշտություն կա՝ նախագծում փոփոխություններ կատարել, որպեսզի շինությունները համայնքներին ծառայեն երկար տարիներ:
Մարզպետի հերթական կանգառը Տաշիրի արվեստի դպրոցում է. աշխատանքներն այստեղ նոր են մեկնարկել: Շինաշխատանքների վերջնաժամկետը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերն: Շինարարները վստահեցնում են՝ ուշացումներ չեն ունենա, ամեն ինչ կավարտեն սահմանված ժամկետում: Տաշիրում վերանորոգված և կահավորված արվեստի դպրոց ունենալու համար ներդրվում է շուրջ 19 մլն դրամ, որից 9 մլն-ը՝ պետական բյուջեից:
Այստեղ հաջորդ ծրագիրը համայնքի համար ավտոկայանատեղիի կառուցումն է՝ ընդհանուր 327 քմ մակերեսով: Համայնքը մեծ թվով տեխնիկա ունի, բայց մեքենաները հաճախ դրսում են կայանում: Այս ծրագրով կլուծվի համայնքային տեխնիկայի պահպանման խնդիրը, ինչը հնարավորություն կտա, որպեսզի դրանք համայնքին երկարաժամկետ ծառայեն:
Արվեստի դպրոց է վերանորոգվում նաև Մեծավան համայնքում: Այստեղ նախատեսվում է ջեռուցման համակարգ տեղադրել, կատարել ներքին հարդարման աշխատանքներ: Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արման Վարդանյանի խոսքով՝ նախկինում սենյակները ջեռուցելու հնարավորություն չունեին, դպրոց հաճախող թվով 30 երեխաները անբարեկարգ, սառը սենյակներում էին սովորում. ծնողներն էլ հաճախ խուսափում էին երեխաներին դպրոց ուղարկել, հիմա խմբակները ավելացնելու մեծ ակնկալիք ունեն:
Մեծավանում այս տարի սուբվենցիոն ծրագրով նաև մարզադպրոց կկառուցվի: Լոռու մարզպետը իրականացվող ծրագրերը համարում է մշակութային և սպորտային կյանքն ակտիվացնելու լավագույն միջոց ու խրախուսում մարզի համայնքներում նմանատիպ ծրագրերի իրականացումը:
Շրջայցի վերջին կանգառը Մեծավանի Կոմիտասի փողոցում է, որտեղ նախատեսվում է վերանորոգել շուրջ 600 մետր երկարությամբ փողոցը՝ տուֆով սալարկման միջոցով: Վարորդների դժգորհությունները այլևս չեն լինի, իսկ մարզում տուֆով սալարկման բազմաթիվ հաջողված օրինակներ ունենք:
Ճանապարհաշինարարների խոսքով՝ տուֆով սալարկման մեթոդը՝ հատկապես ներհամայնքային թեք ճանապարհներին, ամենաարդյունավետն է: Այս ծրագրի համար ներդրումը կազմում է է 18 մլն դրամ, որից շուրջ 10 մլն-ը՝ պետական է, 8 մլն-ը՝ համայնքային բյուջեից է»: