Կորոնավիրուսային լարվածությունը երկրում թուլանում է: Հիվանդների հոսքը նախկինում դժվարությամբ սպասարկող բուժկենտրոններ այժմ անհամեմատ քիչ մարդ է դիմում: Հուսադրող պատկերից անկախ՝ թեստավորումների քանակը չի նվազեցվի: Կառավարությունն անցնում է նոր մարտավարության, ըստ որի մասնագետներին ախտորոշման կուղարկեն խոշոր հիմնարկներ՝ գործարան, սուպերմարկետ կամ բանկ, որ վիրուսակիրներին շուտ հայտնաբերեն ու թույլ չտան կորոնավիրուսի տարածումը: Գործադիրի նիստում առաջիկա անելիքն օրինակով ներկայացրեց առողջապահության նախարարը:
Վիրուսի նահանջը, ըստ վարչապետի, կապում են ամենուր դիմակ կրելու պահանջի հետ: Հակահամաճարակային այդ կանոնը կմնա ուժի մեջ: Այն հանելը կնշանակի վերադառնալ ռիսկային թվերին. նման ճոխություն թույլ տալ չենք կարող,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիմակ չկրելու տուգանքից դժգոհողներին:
Համաճարակի պատճառով այս ընթացքում բյուջեից չհատկացված գումարները՝ կառավարական կաբինետը փոխանցեց պահուսատային ֆոնդ: Հրատապ այնքան ծախս կա ֆինանսավորելու. տեղում հաստատեցին Տավուշի հուլիսյան հրետակոծության հետևանքները վերացնելու 277 մլն-անոց հատկացումը: Փողն ուղղվելու է ադրբեջանական արկերից վնասված Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի տները վերակառուցելուն, դպրոցները կհիմանորոգվեն ու պարտադիր ապաստարան կկառուցվի: Սահմանամերձ այս մարզում նաև խորհրդանշական շինարարություն կարվի:
Վարչապետը կաբինետին հորդորեց նաև մոռանալ՝ «միլիարդանոց նոր դպրոց կառուցելու, բայց իբրև թե խնայողական նպատակով այն հին գույքով կահավորելու» մոտեցումը: Այդպիսի ծախսը հավասար է գումարի փոշիացման: Ասաց՝ նման պահանջ դրել է նաև ոստիականության պարեկային ծառայության ձևավորման քննարկմանը:
Պետք է դուրս գանք «յոլա գնալու տրամաբանությունից»... թեման եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: Նույնիսկ ապաստարանում բնակիչը պետք է իրեն արժանապատիվ զգա, հրթիռից չփախչի ու մեկ այլ սթրեսի մեջ ընկնի` տեսնելով, ինչպես վարչապետը նկարագրեց, գետնի տակի «ժանգոտ իշաոտնուկը»: Այնպես որ՝ Տավուշում կատարվող գործը ստուգելիս խիստ է լինելու:
Օրվա արտոնությունը բաժին հասավ Իջևանի գինու, կոնյակի գործարանին. խաղող մթերելու համար մաճառի պահամաններ է ներկրվում: