Այսօր տրվել է Հայաստանի պատմության մեջ աննախադեպ մի ծրագրի մեկնարկ՝ ստորագրվել է հայ-չինական «Խելացի գիտական քաղաքի» ստեղծման պայմանագիրը։ Սահմանների փակ լինելու պատճառով պայմանագիրը ստորագրվեց առցանց՝ տեսակապով։
Ծրագրի կողմերն են՝ Չինաստանի տեխնոլոգիաների ակադեմիան, Չինաստանի տեխնիկական զարգացման ընկերությունը և ԱԴԿԱՌՍ Հայաստանի վերակառուցման և զարգացման գործակալությունը։
ԱԴԿԱՌՍ-ի տնօրեն Սարգիս Գևորգյանի խոսքով՝ այս ծրագրի իրականացումը Հայաստանը կդասի աշխարհի ամենազարգացած երկրների շարքին։ «Մեզ մի բացառիկ շանս է տրված վերականգնելու մեր երբեմնի գիտական, տեխնոլոգիական և տնտեսական հզորությունը, այն ամենը, ինչ մենք կորցրել ենք 90-ականնների սկզբին»։
«Հիմնվելով Չինաստանի և Հայաստանի մարդկային, գիտական հնարավորությունների, պատմության և զարգացման վրա՝ մենք միասին կարող ենք ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք առաջատար կդառնան աշխարհում»,- նշել է Չինաստանի տեխնոլոգիաների ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Յանգ Լինջիանը։
«Խելացի գիտական քաղաքը» նոր սերնդի բնակավայր է, որի բոլոր համակարգերը ղեկավարվում են ինովացիոն տեխնոլոգիաների միջոցով՝ ապահովելով բնակչության կյանքի ամենաբարձր մակարդակը։
Հայ-չինական քաղաքում հիմնվելու են համատեղ ընկերություններ, որոնք աշխատելու են գիտական նորարարությունների, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ստեղծման և զարգացման վրա։
Չինաստանը Հայաստանում «Խելացի գիտական քաղաքի» կառուցման նպատակով մի քանի միլիարդ դոլարի ներդրում կանի։
Չինաստանն ու Հայաստանը հնագույն քաղաքակրթություններ են, որոնց հաջողվել է պահպանել իրենց մշակույթն ու պետականությունը 4000 տարվա ընթացքում։ Բացի այդ, Չինաստանն ու Հայաստանն այսօր լայն գիտատեխնիկական պոտենցիալ ունեն՝ լինելու 21-րդ դարի գիտահենք տնտեսության լիդերներների շարքում։
Դեռևս պատմական Մետաքսի ճանապարհից ձգվող հայ-չինական բարեկամությունն այսօր նոր զարկ է ստանում՝ առաջիկա ոչ միայն տասնամյակների, այլև դարերի ընթացքում զարգանալու և հզորանալու մեծ հեռանկարներով։