Կառավարությունում ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի. որոշումը ստորագրել է վարչապետը։ Նպատակն է ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի լիարժեք և արդյունավետ իրագործումը:
Վարչապետի առաջարկով` նախագահի հրամանագրով Աշոտ Զաքարյանը նշանակվել է պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ: Աշոտ Զաքարյանը 1993-2003 թվականներին զբաղեցրել է Գյումրու ռազմական ոստիկանության պետի պաշտոնը, եղել է Սիսիանի ՌՈ պետը: Նա պահեստազորի գնդապետ է, Արցախյան պատերազմի մասնակից՝ եղել է «Կումայրի» ջոկատի հրամանատարը: Նախագահի մեկ այլ հրամանագրով Հայկ Մհրյանն ազատվել է Հայաստանի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:
Ամբաստանյալ Սերժ Սարգսյանի բացակայությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը համարել է անհարգելի: Առողջական պատճառներով նիստից բացակայել է փաստաբանը, նա կորոնավիրուսի թեստ է հանձնել: Ջերմելու պատճառով ներկա չի եղել նաև գյուղատնտեսության նախկին փոխնախարարը: Նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 3-ը: Սերժ Սարգսյանը մեղադրվում է նախագահի պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ 2013-ին դիզվառելիքի համար հատկացված մոտ 490 միլիոն դրամի հափշտակություն կազմակերպելու համար: Սերգո Կարապետյանը՝ 490 միլիոն դրամը խմբով վատնելու համար: «Ֆլեշի» սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը մեղադրվում է Սերգո Կարապետյանին վատնումը դրդելու համար:
Ձերբակալվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը: Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է՝ Նազարյանը 2011-ին ստանալով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ կապված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ընկերությանը արտոնություններ սահմանելու նպատակով ընդունված կառավարության որոշումը, մշակել է նախագիծ, մինչ այդ սահմանված 10 Մվտ հզորության փոխարեն առավելագույն հզորություն է սահմանել 30 ՄՎտ-ը: Այպիսով «Ձորագետ Հիդրո»-ն անհիմն ընդգրկվել է փոքր հէկ-երի ցանկում՝ օգտվելով առավել բարձր և կայուն սակագներով էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորությունից: Անցած 7 տարում սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, «Ձորագետ Հիդրո»-ն հավելյալ ստացել է ավելի քան 7 միլիարդ դրամ:
Մոտ 15 միլիարդ դոլար ներդրում Չինաստանից՝ Հայաստանի մարզերից մեկում «Խելացի քաղաք» հիմնելու համար: Չինաստանի տեխնոլոգիաների ակադեմիայի և Տեխնիկական Զարգացման ընկերության հետ համատեղ կառուցվող հայ-չինական «խելացի քաղաքը» կլինի գիտահետազոտական նոր հասցե՝ ինովացիոն տեխնոլոգիաներով կհիմնվեն համատեղ ընկերություններ, որոնք աշխատելու են գիտական նորարարությունների, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ստեղծման և զարգացման վրա։ Կողմերի միջև հեռավար ստորագրվել է գործակցության պայմանագիրը: