Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել միության 25-ամյակի առթիվ:
«Հարգելի գործընկերներ, ՀԲՄ անդամներ,
1995 թ. Հայաստանի բանկերի հիմնադիր ժողովի թիվ 1 որոշման համաձայն հիմնադրվեց Հայաստանի բանկերի միությունը, որն այս տարի նշում է կազմավորման հոբելյանական 25-ամյակը, ինչի առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլորիս։
Միությունն իր կենսագրության այս քառորդ դարում միշտ մեծ պատասխանատվությամբ պաշտպանել և ներկայացրել է բանկերի շահերը պետական օրենսդիր և գործադիր մարմիններում, հասարակական և միջազգային կազմակերպություններում։ Մշտապես համակարգելով բանկային գործունեության համընդհանուր ու ներառական կարևորություն ունեցող հարցերը` Միությունը մասնակցել է ոլորտին առնչվող օրենսդրական նախագծերի մշակմանն ու փորձաքննությանը։ Համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով օժանդակել է նաև բանկային առաջատար տեխնոլոգիաների ներդրմանը, բանկային ծառայությունները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործին։
Հատկանշական է, որ 25 տարվա ընթացքում միությունը ղեկավարած խորհրդի անդամներ ու նախագահներ են եղել անհատներ, ովքեր մեծ դեր ու ավանդ են ունեցել ինչպես բանկային համակարգի, այնպես էլ երկրի կառավարման, տնտեսության կայացման ու զարգացման գործում:
ՀՀ առևտրային բանկերի և ՀՀ Կենտրոնական բանկի հետ մեր 25 տարիների համատեղ աշխատանքի արդյունքում այսօր ունենք ժամանակակից և հուսալի բանկային համակարգ։ Միասին անցնելով կայացման ու զարգացման փուլեր՝ մեզ հաջողվել է ստեղծել նաև կայուն հիմքեր և նախապայմաններ ընթացիկ մարտահրավերներին, այդ թվում նաև՝ ֆինանսական ճգնաժամերին արդյունավետ դիմակայելու և դրանք հաղթահարելու համար։
Մեզ համար հոբելյանական այս տարին ստիպված ենք անցկացնել «արտակարգ» պայմաններում՝ պայմանավորված աշխարհում COVID-19 համավարակով ստեղծված իրավիճակով: Նման պայմաններում բանկային համակարգի համար օրակարգային հարց է կայունության շարունակական պահպանումը՝ մնալով բավարար կապիտալացված և իրացվելի, միևնույն ժամանակ պահպանելով զարգացման վեկտորը։ Այս ճանապարհին մեզ համար անչափ կարևոր են նաև մեր հաճախորդների աջակցությունն ու վստահությունը, քանի որ ցանկացած փորձություն հաղթահարելի է, երբ կան միասնական նպատակ և փոխադարձ վստահություն։
Մեր հավաքական ձեռքբերումները նախանշում ու պարտավորեցնում են գործունեության հետագա ընդլայնում և արդյունավետության բարձրացում՝ ի նպաստ բանկային համակարգի առաջատարի դերի պահպանման և մրցունակության բարձրացման:
Հարգելի գործընկերներ,
ևս մեկ անգամ շնորհավորելով ՀԲՄ 25-ամյա հոբելյանի առթիվ` մաղթում եմ քաջառողջություն, անձնական ու մասնագիտական հաջողություններ, նաև գործնական նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ՝ ի շահ մեր երկրի տնտեսության և ֆինանսաբանկային համակարգի կայուն զարգացման»,- ասվում է շնորհավորական ուղերձում: