Թուրքիայի ազգային մեծ ժողովի (մեջլիս) նախագահ Մուսթաֆա Շենթոփը տվյալներ է ներկայացրել մեջլիսի պատգամավորների ու աշխատակազմի շրջանում կորոնավիրուսի վարակով պայմանավորված վիճակի մասին՝ գրում է Ermenihaber-ը:
Շենթոփը տեղեկացրել է, որ այս պահին կորոնավիրուսից բուժվում են 9 պատգամավորներ, որոնցից 4-ը հոսպիտալացված են, մյուս 5-ը բուժումը շարունակում են տանը։ Թուրք բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է նաև, որ ներկայում վարակից բուժում է ստանում նաև խորհրդարանի աշխատակազմի 35 աշխատակից, որոնցից մեկն է հոսպիտալացված, մյուսները ապաքինվում են տանը։
Շենթոփի խոսքով մեջլիսի պատգամավորներն ու աշխատակիցները, ինչպես նաև նրանց ընտանիքները կանոնավոր կերպով թեստավորվում են։ Խորհրդարանի հիվանդանոցում օրական միջին հաշվարկով 500 թեստ է արվում։
Նշենք, որ վերջին 3 օրերին Թուրքիայում կրկին կորոնավիրուսի դեպքերի աստիճանական աճ է գրանցվում։ Եթե վերջին մի քանի շաբաթում օրական դեպքերի քանակը նվազել էր 1000-ից, ապա օգոստոսի 5-ին արդեն գրանցվել է 1178 նոր դեպք։