Օգոստոսի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ գոտկատեղի կտրած-ծակած վերքով 32-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:
Ահազանգը ստանալուն պես հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ է ձեռնարկել` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Եվ հետևողական աշխատանքի շնորհիվ հաջորդ օրը կասկածյալը հայտնաբերվել է:
Քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել է նույն փողոցի 48-ամյա մի բնակիչ:
Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 2-ին, ժամը 12.30-ի սահմաններում, կասկածվողը ոչ միայն ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, այլև ներկայացրել հանցագործության գործիք դանակը: Հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: