Գավառի պետական համալսարանը միացել է Խաղաղության Նոբելյան մրցանակակի դափնեկիր, տնտեսագետ Մուհամադ Յունուսի հիմնած «Յունուս» համալսարանական ցանցին: Համալսարանում տեղի ունեցած «Սոցիալական բիզնեսի Յունուս կենտրոնի» առցանց բացման արարողությանը կենտրոնի առաքելությունը ներկայացրել է անձամբ Մուհամադ Յունուսը:
Գավառի պետական համալսարանում «Յունուս կենտրոն» բացելու նախաձեռնությունը Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանինն է: Մեկ այլ նախաձեռնությամբ էլ Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 10 մագիստրոս կստանա Բանգլադեշի հայկական եկեղեցու կրթաթոշակ:
Նոր կենտրոնը կապահովի ուսանող-տնտեսություն կապը՝ աջակցելով սոցիալական ձեռնարկատիրության մեջ ներդրումներ անելու նախաձեռնություն ունեցող ուսանողներին: Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի համար «Սոցիալական բիզնեսի Յունուս կենտրոնի» բացումը միջազգային համագործակցության ընդլայնման տեսակետից է նաև կարևոր:
«Յունուս» կենտրոնի հետ համագործակցության շրջանակում համալսարանի ուսանողների համար ամիսը երկու անգամ Մուհամադ Յունուսը բաց դասախոսություններով հանդես կգա: