Բեյրութի նավահանգստի պահեստում տեղի ունեցած հզոր ու մահաբեր պայթյունի հանգամանքները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել: Երկրի կառավարությունը որոշում է կայացրել տնային կալանքի տակ պահել նավահանգիստը ղեկավարող որոշ պաշտոնյաների: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Լիբանանի մայրաքաղաքի պայթյունի պատճառը եղել է պահեստում վեց տարի շարունակ ոչ պատշաճ պահվող առգրավված 2750 տոննա ամոնիումի նիտրատը:
Պայթյունը ցնցել է ամբողջ մայրաքաղաքը: Այս պահի տվյալներով, մահացածների թիվը հասնում է 137-ի, տուժել է ավելի քան 5 հազար մարդ: Մտավախություն կա, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ փլատակներում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ավելի քան 300 հազար բնակիչ անօթևան է մնացել: Հուժկու պայթյունի հասցրած վնասի չափը հասնում է 10-15 միլիարդ դոլարի:
Լիբանանի կառավարությունը մայրաքաղաքում հայտարարել է երկշաբաթյա արտակարգ դրություն և Բեյրութի անվտանգության վերահսկողությունը հանձնել զինված ուժերին: