Մի քանի վայրկյան, որոնք Լիբանանի համար արժեցան հարյուրավոր կյանքեր, անհաշվելի ավերածություններ. սոցիալական ու տնտեսական ահռելի կորուստները դեռ նոր են հաշվում:
Բեյրութի իշխանությունը նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացած վնասը գնահատում է մինչև 5 միլիարդ դոլար: Մինչև այդ, սակայն, երկիրը բախվել է թվում է թե անլուծելի խնդիրների:
Լիբանանի առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է՝ հիվանդանոց հասնելն ու հոսպիտալացվելը՝ երազանք: Բեյրութի հիվանդոցների ճանապարհներին խցանումներ են, ծանր վիրավորներից շատերին օգնություն են ցույց տալիս անգամ փողոցներում, նրանց մի մասը փողոցում սպասում է իրենց հերթին:
Կյանքեր փրկելու համար պայքարում են ոչ միայն բժիշկները... փրկարարները երեկ երեկոյից անդադար աշխատում են՝ նրանց թիվն ու տեխնիկական հնարավորությունները, սակայն, չեն համապատասխանում աղետի մաշտաբներին: Այս ամենի համար նրանք նաև կյանք են զոհաբերում՝ իշխանություններն արդեն մեկ տասնյակից ավելի հրշեջ-փրկարարի մահվան մասին են հայտնել:
Աղետը Լիբանանի համար սոցիալական ու տնտեսական նոր մարտահրավերներ է ստեղծել: Երկրի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է` պայթյունի հետևանքով ոչնչացել է նավահանգստում գտնվող երկրի գլխավոր հացահատիկի պահեստը, ինչի հետևանքով Լիբանանում մնացել է մեկ ամսից պակաս ժամանակահատվածի համար նախատեսված պաշար:
Հարյուրավոր մարդիկ, զրկվելով տնից, մնացել են Բեյրութի փողոցներում՝ անօթևան ու անօգնական՝ 300 000 բնակիչ տեղահանվել է իր տնից: Պետությունը, սակայն, նրանց օգնել՝ դեռ ի զորու չէ:
Աշխարհը շտապեց օգնություն առաջարկել Լիբանանին: Վաղը Բեյրութում կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Իսկ մինչև այդ արդեն Բեյրությում վայրէջք է կատարել Ֆրանսիայից ուղարկված ինքնաթիռը:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նույնպես հայտնել է, որ հինգ ինքնաթիռ է ուղարկվել Լիբանան՝ օգնելու վերացնելու պայթյունի հետևանքները:
Իրանը պատրաստ է Լիբանանին «ցանկացած օգնություն» տրամադրել` Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքները վերացնելու նպատակով:
Իսրայելի կառավարությունը, որը դիվանագիտական հարաբերություններ չունի Լիբանանի հետ, օգնություն էր առաջարկել հարևան երկրին: Լիբանանը, սակայն, մերժել է Իսրայելի աջակցությունը՝ պարզաբանելով՝ չեն ընդունի օգնություն հակառակորդ պետությունից:
Բեյրութի նավահանգստի պայթյունի զոհերի համար աղոթել ու Լիբանանի ժողովրդին ցավակցություն է հայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:
Ողբերգությունից մեկ օր անց Լիբանանն, այնուամենայնիվ, փորձում է վերականգնվել՝ լավատեսության օգնությամբ. ավերակների մեջ նրանք շարունակում են ապրել: