Կառավարության նիստն այսօր մեկնարկեց Լիբանանի բարեկամ ժողովրդին ու կառավարությանը սփոփանքի և զորակցության խոսքերով Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
«ՀՀ Կառավարության անունից ցանկանում եմ ցավակցություն հայտնել մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին: Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է: Մեր երկրներն ու ժողովուրդները կապված են պատմական և մշակութային բազմաթիվ թելերով: Բեյրութը հանդիսացել է 20-րդ դարի հայկական սփյուռքի մայրաքաղաքը: Տասնամյակներ շարունակ Բեյրութն է եղել կրոնական, քաղաքական և մշակութային կյանքի էպիկենտրոնը: Այն առ այսօր պահպանում է իր եզակի նշանակությունը և հսկայական դերակատարումը որպես Մերձավոր Արևելքում հայկական ներկայության կարևորագույն կենտրոն:
Այս դժվարին պահին մենք չենք կարող անտարբեր մնալ Լիբանանի ժողովրդի և Բեյրութի հայկական համայնքի կարիքների նկատմամբ: Հայաստանի Հանրապետությունն օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել այդ քաղաքին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում:
Ուժերի ներածին չափով օգնություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին: ՀՀ Կառվարությունն ԱԳՆ-ի և Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների հետ, հստակեցվում են հիմնական կարիքները, որի շրջանակում էլ ՀՀ Կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հայտնեց, որ բոլոր նրանք, ովքեր անհատական օգնություն, նվիրատվություն են ցանկանում ցուցաբերել, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից դրամական փոխանցումների համար հատուկ հաշվեհամար է բացվել ԿԲ-ում և առցանց դրամահավաքի հարթակ՝ հիմնադրամի կայքում:
«Ցանկանում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է Բեյրութի մեր հայրենակից քույրերի ու եղբայրների կողքին, և ամեն ջանք կգործադրվի նրանց օգնության հասնելու և ստեղծված ծանր կացությունից դուրս գալու համար»,- նշեց Կառավարության ղեկավարը:
Վարչապետը հայտնեց, որ մեր ինքնաթիռի հետ Բեյրութ կմեկնի նաև Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը՝ գնահատելու մեր համայնքի կարիքները: