Կառավարության նիստի ընթացքում վարչապետը նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը Հայաստանում շարունակաբար թուլանում է, թեև ամենօրյա դեպքերի հայտնաբերման բացարձակ թվերը շարունակում են բարձր մնալ:
«Հիմա մենք ունենք որոշակի վստահություն, որ դեպքերի հայտնաբերելիությունը լավացել է, բարձրացել է: Եթե նախկինում նոր դրական դեպքերը հասնում էին օրվա հետազոտությունների 25-30 տոկոսին, հիմա տատանվում են 15 տոկոս պլյուս-մինուս 1-2 տոկոսի շրջանակում: Նշանակում է, որ մենք հայտնաբերելիության էական աճ ունենք»,- ընդգծեց վարչապետը:
Փաշինյանը շեշտեց, որ մարտավարության որոշակի փոփոխություն է կատարվել: Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ՝ ախտորոշումներ կիրականացվեն ռիսկային խմբերի շրջանում:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ հայտնաբերման առումով խորհուրդ է տրվում այնպիսի մակարդակում պահել հայտնաբերված դեպքերը, որ կազմեն թեստավորված դեպքերի ոչ ավելի, քան 10 տոկոսը:
«Մենք մեր նախաձեռնությամբ հետազոտում ենք ռիսկային խմբերին, օրինակ՝ սուպերմարկետների, ֆաբրիկաների, բանկերի, թաղապետարանների աշխատակիցների: Վերջին մի քանի օրում հոգեկան առողջության կենտրոններից մեկն ենք հետազոտել՝ 350 հոգու միանգամից, և 25 դրական դեպք ենք հայտնաբերել, որոնք որևէ սիմպտոմ չեն ունեցել»,- ասաց նախարարը: