«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, այնտեղ վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում այդ հանգամանքները քննարկման առարկա դարձնելու, դրանցում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով:
Դատախազությունը հետամուտ կլինի քննությամբ ձեռք բերված արդյունքներից ելնելով՝ համապատասխան իրավական գնահատական տալու հարցում»,- տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք՝ դատախազությունը երեկ տեղեկացրել էր, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական գործի շրջանակներում ձեռք են բերվել տվյալներ, որոնք փաստում են, որ Ռ. Հայրապետյանը 2003 թ. հունիսի 20-ից հանդիսանում է ՌԴ քաղաքացի:
ՀՀ սահմանադրության համաձայն՝ ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
Ռուբեն Հայրապետյանը 2003, 2007 և 2012 թթ. խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է ՀՀԿ խմբակցության անդամ:
2012 թ. հուլիսի 3-ին իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանում իր թիկնապահների կողմից ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանությունից հետո վայր է դրել պատգամավորական մանդատը: