Թիկունքը՝ մշակույթ, իսկ մշակույթի գործիչները մեր երկրի ռազմական թիկունքում են: Բեմին՝ տիկնիկային ներկայացում է, ապա համերգ, որ սահմանին ապրող երեխաները մոռանան կրակոցների մասին:
Արայիկ Խզմալյան, ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Մենք ուզում ենք որոշակիորեն թեթևացնել այն մանուկների և պատանիների բարոյահոգեբանական լարումը, որոնք ամեն օր ապրում են այդ վտանգի զգացումով, ամեն օր նրանք գիտեն կյանքի գինը:
Ռուբեն Բաբայան, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն - Մեր պարտքն է բոլորիս, որպեսզի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, հատկապես երեխա, իրեն զրկված չզգա ոչ մի բանից` հատկապես սահմանամերձ շրջանում:
Ռազմական հաղթանակի ու մշակույթի մասին խոսելիս դերասան Դավիթ Հակոբյանը հիշում է դեռ Երկրորդ համաշխարհայինի տարիներին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի հայտնի միտքը:
Դավիթ Հակոբյան, ՀՀ վաստակավոր արտիստ դերասան - Չերչիլին մի անգամ ներկայացնում են տարվա բյուջեն: Կարդում, կարդում է, ասում է` բա մշակույթն ո՞ւր է, ասում են` պատերազմ է, ինչ մշակույթ, ասում է՝ բա որ մշակույթ չկա, ինչի՞ համար ենք պատերազմում, այսինքն, վերջին հաշվով, մենք պատերազմում ենք մշակույթի ու արժեհամակարգի համար:
Այսպես ներկայացումներով ու համերգներով առօրյան դեռ վաղն էլ կշարունակվի երկրի թիկունքում: