Պաշտոնապես մեկնարկած «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը նպատակ ունի դառնալու Հայաստանի տեխնոլոգիական համայնքը աշխարհին կապող, կամրջող հարթակ, որը միևնույն ժամանակ հիմք կհանդիսանա Սփյուռքի տեխնոլոգիական համայնքի հետ միասնական փոխգործակցության համար:
Ծրագրի՝ առցանց կազմակերպված բացման միջոցառմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի նախագահ Երվանդ Զորյանը և տեխնոլոգիական ոլորտի հեղինակավոր հայազգի մասնագետներ՝ Adesto տեխնոլոգիաներ ընկերության գործադիր տնօրեն և նախագահ Նարբեհ Տեր-Հակոբյանը, NXP ընկերության փոխնախագահ Գևորգ Քեշիշյանը, PDF Solutions հիմնադիր և գործադիր տնօրեն Ջոն Քիբարյանը, GoPro ընկերության փոխնախագահ Լուսինե Եղիազարյանը, NVIDIA ընկերության փոխնախագահ Ռիքարդո Մարիանին, Service Titan ընկերության համահիմնադիր և նախագահ Վահե Կուզոյանը:
Բացման խոսքում Երվանդ Զորյանը նշել է, որ ծրագրի գաղափարն առաջացել է դեռևս ՀՀ վարչապետի Սիլիկոնյան հովիտ կատարած այցի ընթացքում և ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) ժամանակ նախարար Հակոբ Արշակյանի և իր առաջարկած գաղափարի շուրջ: Զորյանը ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել նախարարին ծրագիրը նախաձեռնելու համար:
Նախարար Արշակյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին և նշել, որ «Հայկական վիրտուալ կամուրջը» նախարարության անկյունաքարային ծրագրերից մեկն է՝ Հայաստանը որպես բարձր տեխնոլոգիական երկիր ներկայացնելու, հայկական բարձր տեխնոլոգիական համայնքը զարգացնելու և նախարարության ծրագրերն ու տեսլականը իրագործելու առումով:
«Շատ կարևոր հանգամանք է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղը որպես գործընկեր ունենալը, որը, լինելով շահույթ չհետապնդող հայկական կազմակերպություն, իր ողջ ցանցով աջակցում է այս ծրագրին, և համոզված եմ՝ մենք միմյանց լրացնելով, ուժ տալով հաջողելու ենք: Հայաստանում բազմաթիվ ինժեներներ ունենք, ովքեր իսկապես կարողանում են իրենց ստեղծագործ միտքը զարգացնել և ծրագրեր ու պրոդուկտներ ստեղծել, սակայն ինչ֊որ փուլում անհրաժեշտ է, որ կապ ապահովվի արդյունաբերական շուկաների և այլ ձեռներեցների ու ներդրողների հետ: Մենք ունենք հայրենակիցներ, ովքեր մեծ հաջողությունների են հասել և ցանկանում են Հայաստանին որևէ կերպ օգտակար լինել իրենց գիտելիքով, փորձով, շուկայական հմտություններով, կապերով, սակայն այդ աջակցությունը ինքնաբուխ է, համակարգված և ինստիտուցիոնալ չէ»,- նշել է նախարարը՝ ծրագրի մասնակիցներին ներկայացնելով նաև Դրեյփերի համալսարանի և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի հետ ստորագրված հուշագրերը, որոնց հիման վրա մի շարք տեխնոձեռներեցների հնարավորություն է տրվել մասնակցելու մրցույթների, գնալու Սիլիկոնյան հովիտ, ծանոթանալու անվանի ձեռներեցների և ինժեներների փորձին, ստանալու գիտելիքներ, ներգրավելու ներդրումներ:
«Սիլիկոնյան հովտի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ տեղում ձևավորելու հայկական մասնաճյուղ, որպեսզի հայ ձեռներեցներն իրենց հասցեն ունենան, հանդիպումներ կազմակերպեն, այնտեղի ներդրողների հետ շփվեն, միասին ապրեն և աշխատեն, ինչին, սակայն, այս տարի մասամբ խոչընդոտեց կորոնավիրուսը: Հուրախություն բոլորիս՝ այդ բացը լրացնելու ենք հաջորդ տարի»,- նշել է նախարարը:
Մասնակիցները իրենց գոհունակությունը և ոգևորությունն են հայտնել ծրագրի մեկնարկի առիթով: Նրանցից յուրաքանչյուրը մեծ փորձառություն ունի տեխնոլոգիական ոլորտի տարբեր ասպարեզներում և պատրաստակամություն է հայտնել սատարելու ոլորտի կայացմանը Հայաստանում:
NXP ընկերության փոխնախագահ Գևորգ Քեշիշյանը նշել է, որ կարող է օգնել իր փորձով բարձր տեխնոլոգիաների ոլորտների կառավարման և արդյունաբերության ղեկավարների հետ համագործակցության բնագավառում: Նա նաև ընդգծել է, որ գիտելիքի փոխանցման նմանատիպ շատ մոդելներ կան Կանադայում և ԱՄՆ-ում, և այս նախաձեռնությունը շատ մեծ հնարավորություն է տալիս բազմաթիվ փորձառու մարդկանց` իրենց ներդրումն ունենալու այն ուղղություններով, որոնք անհրաժեշտ են Հայաստանին:
Service Titan ընկերության համահիմնադիր և նախագահ Վահե Կուզոյանը Հայաստանի համար հատկապես կարևորել է Սիլիկոնային հովտի մշակույթի ըմբռնումը և այն բոլոր մոտեցումները, որոնք գաղափարները վերածում են հնարավորությունների և միլիարդների շրջանառություն ունեցող բիզնեսների: Նա մատնանշել է իրենց գրասենյակը Հայաստանում, որը կարճ ժամանակահատվածում ընդլայնվել է՝ լուրջ թվով աշխատատեղեր ստեղծելով, ներգրավելով տաղանդներ:
PDF Solutions հիմնադիր և գործադիր տնօրեն Ջոն Քիբարյանը Սիլիկոնյան հովտում աշխատելու համար նույնպես կարևորել է հովտի մշակույթի ըմբռնումը և պատրաստակամություն հայտնել գլխամասային գրասենյակը Սիլիկոնային հովիտ տեղափոխելու իր փորձառությունը փոխանցելու հայաստանյան կազմակերպություններին:
Adesto տեխնոլոգիաներ ընկերության գործադիր տնօրեն և նախագահ Նարբեհ Տեր-Հակոբյանը պատրաստակամություն է հայտնել իր փորձով օգնելու ընկերություններ հիմնելու և նորաստեղծ ընկերությունների համար կապեր ստեղծելու գործում:
GoPro ընկերության փոխնախագահ Լուսինե Եղիազարյանը կարևորել է ընկերությունների զարգացման բոլոր փուլերը հասկանալը՝ առաջին ստարտափ քայլերից մինչև հրապարակային ընկերություններ, և հույս է հայտնել մոտ ապագայում տեսնել հայկական ներուժով ու հայկական կապերով ստեղծված խոշոր հայաստանյան ընկերություններ:
Նախարար Արշակյանը, ամփոփելով միջոցառումը, նշել է, որ հպարտ է արձանագրել հայաստանյան նախաձեռնություններին օժանդակելու մեր հայրենակիցների պատրաստակամությունը հատկապես այս պատմական ժամանակաշրջանում: Այժմ բարձր տեխնոլոգիաները մեր տնտեսության առաջնահերթություններից են, և նախորդ տարի ոլորտում 30 տոկոս շրջանառության աճ է արձանագրվել, ինչն իսկապես տպավորիչ է:
Նախարարությունը այս պահին մի քանի ձևաչափով աշխատանքներ է տանում ոլորտի բազմակողմանի զարգացման ուղղությամբ՝ զուգահեռաբար իրականացնելով սկսնակների համար նախատեսված ծրագրավորման դասընթացներից մինչև ենթակառուցվածքների ձևավորման ու զարգացման աշխատանքներ:
«Սփյուռքի ներուժն իսկապես մեծ է, և սփյուռքի հայրենակիցների հետ բաժանարար գծեր չպետք է դնենք, այլ՝ կապող կամուրջ կառուցենք: Հայաստանը հնարավորությունների երկիր է, և այդ հնարավորությունները իրացնելու ճանապարհին իսկապես անգնահատելի ու կարևոր է յուրաքանչյուրի ներդրումը»,- եզրափակել է նախարարը: